Արմինֆո. ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հաստատել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ՝ Թուրքիա կատարելիք այցի մասին տեղեկությունը:
«Պատերազմի (Հայաստանի և Ադրբեջանի միջև) հետ կապված ռիսկերն այսօր նվազագույն են։ Մենք պետք է աշխատենք դրանց լիակատար չեզոքացման ուղղությամբ։ ՀՀ կառավարությունը գործուն քայլեր է կատարում այդ ուղղությամբ։ Այդ քայլերից մեկը հունիսի 20-ին նախատեսված վարչապետի այցն է Թուրքիա», - հայտարարել է ԱԺ նախագահը՝ հունիսի 17-ին խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ։
Նրա խոսքով՝ Փաշինյանը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերով մեկնում է Անկարա, որտեղ կքննարկվեն տարածաշրջանային բոլոր հարցերը։
«Կարծում եմ, որ այդ այցը պատմական է։ Որովհետև Հայաստանի ղեկավարն առաջին անգամ է նման մակարդակի այց կատարելու", - ասել է նա։
Ալեն Սիմոնյանը դժվարացել է պատասխանել հարցին, թե արդյոք այցը պաշտոնական է, թե՝ աշխատանքային, սակայն նշել է, որ այցը երկկողմ է:
Հարցին, թե արդյոք Անկարան կարող է հանդես գալ Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի կնքման գործում, Սիմոնյանը նշել է, որ խաղաղության կնքումը բխում է բոլոր երկրների շահերից, անկախ այն բանից, թե փաստաթուղթը ստորագրվել է որևէ երկրի միջնորդությամբ, թե որևէ մայրաքաղաքում:
Նշենք, որ Հայաստանի փոխարտգործնախարար Վահան Կոստանյանն Անկարայում հանդիպել է Թուրքիայի փոխարտգործնախարար Բերիս Էքինջիի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել երկկողմ և տարածաշրջանային հարցերի շուրջ: Այդ մասին ասվում է ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության X սոցիալական ցանցում հրապարակված հաղորդագրությունում: