
Զորքերի շփման գծում միջադեպերի հետաքննության գործուն մեխանիզմների ստեղծման վերաբերյալ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի կոմիտեի անդամներ Էդ Ռոյսի և Էլիոթ Էնգելի առաջարկությունները նորություն չեն, դրանք արդեն շուրջ երեք տարի բանակցությունների սղանին են: Այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը, հոկտեմբերի 26-ին Երևանում կայացած մամուլի ասուլիսում մեկնաբանելով կոնգրեսականներ Էդ Ռոյսի և Էլիոթ Էնգելի նամակը, որում նրանք ԱՄՆ ղեկավարությունից պահանջում են ակտիվացնել ղարաբաղյան հակամարտության գոտում խաղաղության հաստատմանն ուղղված գործունեությունը և մշակել զորքերի շփման գծում միջադեպերի հետաքննության գործուն մեխանիզմներ:
Ուորլիքը նշել է, որ ծանոթ է նամակի բովանդակությանը, սակայն պաշտոնապես դեռ ոչինչ չի ստացել: «Մենք պաշտպանում ենք կոնգրեսականնրի հիմնարար առաջարկությունները, դրանք նորություն չեն, և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն այդ ուղղությամբ աշխատում են: Միջադեպերի հետաքննության մեխանիզմների ստեղծման առաջարկությունը Բաքուն չի մերժել: Կարծում եմ, որ դրա ընդունումը թույլ կտար խուսափել կողմերի փոխադարձ մեղադրանքներից և հրադադարի ռեժիմի խախտման դեպքում նշել մեղավոր կողմը», - նշել է միջնորդը:
Միևնույն ժամանակ, անդրադառնալով այն դիտողությանը, որ Հայաստանի նախագահը բազմիցս հայտարարել է, թե Բաքում մերժում է միջադեպերի հետաքննության մեխանիզմների ստեղծման վերաբերյալ առաջարկությունը, Մինսկի միջնորդը նշել է, որ Ադրբեջանն առաջարկությունը չի ընդունել:
«Առաջարկությունն ստացվել է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպմանը: Բաքուն այն չի ընդունել, սակայն Իլհամ Ալիևը հավաստիացրել է, որ իրենք բաց են առաջարկությունների համար: Տեսնենք, թե ինչի կհանգեցնեն բանակցությունները: Եթե կողմերը համաձայնեն այդ առաջարկություններին, մենք պատրաստ ենք աջակցություն ցույց տալ», - ընդգծել է Ուորլիքը:
Ն ա ընդսմին հավելել է, որ հակամարտության կարգավորմանն աջակցելու հիմնական մեխանիզմը հրադադարի ռեժիմի պահնպանումն է:
«Մենք չունենք միջադեպերի հետաքննության գործուն մեխանիզմներ: Կա տեղեկատվություն, որ զորքերի շփման գծում և Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին վերջին սրման արդյունքում զոհեր կան խաղաղ բնակչության շրջանում, սակայն մենք այդ փաստերը ճշտգելու գործուն մեխանիզմներ չունենք: Մենք պետք է ստեղծենք միջադեպերի հետաքննության մեխանիզմներ, և հարկավոր է, որպեսզի կողմերը հարգեն հրադադարի ռեժիմի պահպանման գծով ստանձնած պարտավորությունները», - նշել է նա:
Մինչդեռ, պատասխանելով այն հարցին, թե իրոք ԱՄՆ, որը հարուստ հետախուզական տվյալներ ունի, չգիտի, թե որ կողմն է խախտում հրադադարի ռեժիմը, Ուորլիքը նշել է, որ եթե միջնորդները նման բնույթի տեղեկատվություն են ստանում հավաստի աղբյուրներից, ապա, անշուշտ, օգտագործում են այն: «Սակայն այստեղ հարցն այն չէ, թե ինչ ունի ԱՄՆ կամ Ռուսսատանը, կամ` մեկ այլ երկիր: Հարցն այն է, որպեսզի կողմերը հիշեն իրենց պարտավորությունները` այս կամ այն որոշումը կայացնելիս», - եզրափակել է ամերիկացի միջնորդը: