Արմինֆո. Ազգային ժողովի ընդդիմադիր "Հայաստան" խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը խորհրդարանի լիագումար նիստում բարձրացրել է իր նկատմամբ հարուցված քրեական գործի հարցը:
Պատգամավորը, մասնավորապես, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանից հետաքրքրվել է, թե ինչու է իր նկատմամբ քրեական գործ հարուցելու համար ՀՀ Ազգային ժողովի համաձայնության մասին Գլխավոր դատախազության միջնորդության հարցը թողնվել ավարտին: "Ինչու՞ իմ գործի քննարկման հարցը չեք ներառել ամենասկզբում",- հարցրել է ընդդիմադիրը։
Ի պատասխան՝ Սիմոնյանը նշել է, որ նամակ է ստացել ԱԺ պատգամավոր Սեյրան Օհանյանից, որի նկատմամբ նույնպես քրեական գործ է հարուցվել, որ ինքը հարգելի պատճառով չի կարող մասնակցել ԱԺ նիստի առաջին օրը: "Իսկ մենք չենք կարող հարցը քննարկել առանց նրա մասնակցության։ Հարցը կքննարկվի այն ժամանակ, երբ Սեյրան Օհանյանը մասնակցի նիստին", - ընդգծել է ԱԺ նախագահը։
Ի պատասխան՝ Արծվիկ Մինասյանը նշել է, որ ոչ թե Սեյրան Օհանյանի հարցն է բարձրացնում, այլ միջնորդությունը, որն ուղղված է իր դեմ: "Իմ դիմումն է Ձեզ ՝ հարցը հնարավորինս արագ քննարկման դնել, որպեսզի հերթական անգամ բոլորը համոզվեն քաղաքական հետապնդման մեջ", - նշել է քաղաքական գործիչը:
Հիշեցնենք, որ ընդդիմադիր պատգամավորների նկատմամբ գործը վերաբերում է "Սևան" ազգային պարկի տնօրինության տակ գտնվող Գեղարքունիքի մարզի Դրախտիկ համայնքում 10.5 հազար քմ մակերեսով հողամասի առերևույթ ապօրինի յուրացմանը: Քննությունը գտնում է, որ Սեյրան Օհանյանը պաշտպանության նախարար եղած ժամանակ ապօրինի տիրացել է այդ հողամասին և դրա վրա առանձնատուն կառուցել՝ բյուջեի միջոցների հաշվին: Արծվիկ Մինասյանը, քննության վարկածով, 2016-2018 թվականներին բնապահպանության նախարար աշխատելու ընթացքում որևէ քայլ չի ձեռնարկել Օհանյանի գործողություններին իրավական գնահատական տալու համար: Ավելին, ինչպես պնդում են, նա նպաստել է հանցագործությունը կոծկելուն՝ կառուցապատման թույլտվություն տալով Օհանյանի հետ կապված անձանց և թույլ տալով մի շարք փաստաթղթերի կեղծում: