


Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը կկայա, ամենայն հավանակնությամբ, դեկտեմբերին Հայաստանում սահմանադրական բարեփոխումների շուրջ հանրաքվեի անցկացումից հետո: Այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը` հոկտեմբեի 26-ին Երևանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:
«Այսօր մենք կհանդիպենք Հայաստանի նախագահի և արտգործնախարարի հետ, այնուհետև կուղևորվենք Լեռնային Ղարաբաղ, որտեղ նույնպես հանդիպումներ կանցկացնենք, կլինենք զորքերի շփման գծում, որտեղից կանցնենք ադրբեջանական կողմ», - նշել է միջնորդը: Նա այդ համատեքստում հավելել է, որ Բաքվում նույնպես տեղի կունենան հանդիպումներ Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության հետ:
Ուորլիքի ասելով, հանդիպումների ընթացքում կքննարկվի մի քանի հարց, մասնավորապես, մինչև տարեվերջ պետությունների ղեկավարների հանդիպման ամսաթվի համաձայնեցումը, Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում լարվածության և բռնության նվազումը և ծանր սպառազինության կիրառումից հրաժարումը, որի կիրառումը հանգեցնում է նոր զոհերի, այդ թվում` խաղաղ բնակչության շրջանում: Կքննարկվի նաև հակամարտող կողմերի միջև վստահության մթնլորտի ձևավորումը և երկու երկրների հասարակությունների մերձեցմանն ուղղված ծրագրերի իրագործումը:
«Մենք չափազանց քիչ ժամանակ ունենք բարձր մակարդակի հանդիպման համաձայնեցման համար: Պետությունների ղեկավարներն արդեն մեկ տարի չեն հանդիպել: Սակայն ես վստահ եմ, որ հանդիպումը թույլ կտա թուլացնել լարվածությունը հակամարտության գոտում, ինչն իր հերթին թույլ կտա հասնել առաջընթացի երկարաժամկետ և համապարփակ խաղաղության հասնելու գործում», - եզրափակել է Ուորլիքը:



