Արմինֆո. Հունիսի 13-ին Նիցցայում՝ Օվկիանոսի հարցերով ՄԱԿ 3-րդ համաժողովի շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է Մեքսիկայի ԱԳ նախարարի՝ բազմակողմ հարաբերությունների և մարդու իրավունքների հարցերով տեղակալ Էնրիկե Խավիեր Օչոա Մարտինեսի հետ:
Հայաստանի ԱԳՆ հաղորդագրության համաձայն, հանդիպմանը քննարկվել են Հայաստան-Մեքսիկա երկկողմ օրակարգային հարցեր՝ անդրադառնալով քաղաքական երկխոսության խթանման հեռանկարներին:
Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են բազմակողմ ձևաչափերում Հայաստանի և Մեքսիկայի միջև ձևավորված դրական համագործակցությունը՝ երկուստեք պատրաստակամություն հայտնելով ընդլայնել փոխգործակցության շրջանակը: Մտքեր են փոխանակվել «ՄԱԿ80» նախաձեռնության հեռանկարների շուրջ:
Անդրադարձ է կատարվել 2026թ. Հայաստանում կայանալիք ՄԱԿ Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին (COP17) ընդառաջ տարվող աշխատանքներին:
Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանային և միջազգային հրատապ հարցերին: Գործընկերոջ խնդրանքով՝ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը ներկայացրել է Հարավային Կովկասի տարածաշրջանում տիրող անվտանգային իրավիճակը՝ ընդգծելով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման համաձայնագրի ստորագրման կարևորությունը: