Արմինֆո. Իրանի Իսլամական Հանրապետության և հարակից որոշ երկրների օդային տարածքների փակմամբ պայմանավորված՝ մի շարք միջազգային ավիաթռիչքներ հարկադրված վայրէջքներ են կատարել «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում և տարածաշրջանի այլ երկրների օդանավակայաններում։ Այդ մասին հաղորդում է Հայաստանի ԱԱԾ մամուլի կենտրոնը:
«Այս հանգամանքի բերումով ՀՀ քաղաքացիներ և ազգությամբ հայեր հայտնվել են Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվի օդանավակայանում։ Միևնույն ժամանակ, նույն իրավիճակով պայմանավորված, Ադրբեջանի քաղաքացիներ հայտնվել են «Զվարթնոց» օդանավակայանում։
Հայտնում ենք, որ ստեղծված իրավիճակով պայմանավորված ՀՀ պետական կառույցները իրականացնում են հետևողական աշխատանք», - ընդգծվում է հաղորդագրությունում:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ռուսաստանի հայերի միության (ՌՀՄ) ղեկավար Արա Աբրահամյանը դիմել էր Ռուսաստանի արտգործնախարարությանը՝ խնդրելով ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները Իրանում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով Բաքվում հարկադիր վայրէջք կատարած օդանավներում հայերի անվտանգությունն ապահովելու համար: