Արմինֆո. Ռուսաստանի հայերի միության (ՌՀՄ) ղեկավար Արա Աբրահամյանը դիմում է հղել Ռուսաստանի արտգործնախարարությանը՝ խնդրելով ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները Իրանում տեղի ունեցող իրադարձությունների հետևանքով Բաքվում հարկադիր վայրէջք կատարած օդանավում հայտնված հայերի անվտանգությունն ապահովելու համար: Այդ մասին հաղորդում է ՌՀՄ մամուլի ծառայությունը։
Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, ավելի քան 10 ինքնաթիռ վայրէջք է կատարել Բաքվում՝ Իրանի, Իրաքի և Իսրայելի օդային տարածքում մտցված սահմանափակումների պատճառով: Այդ չվերթների ուղևորների թվում կան էթնիկ հայեր, որոնք ուղևորվում են Արաբական Միացյալ Էմիրություններ:
"Հաշվի առնելով այն հայատյաց քաղաքականությունը, որը պաշտոնական Բաքուն տարիներ շարունակ ակտիվորեն քարոզում է և ներդնում հանրային գիտակցության մեջ, ինչպես նաև 44-օրյա պատերազմից առաջ և հետո Բաքվում հայտնված հայերի ձերբակալման և դաժան վերաբերմունքի հայտնի դեպքերը, Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը կոչ է արել ՌԴ ԱԳՆ-ին ՝ իրավիճակը վերահսկողության տակ վերցնել: Դա անհրաժեշտ է Բաքվում հարկադիր վայրէջք կատարած օդանավերում գտնվող ՌԴ հայազգի քաղաքացիների նկատմամբ ադրբեջանական իշխանությունների կողմից հնարավոր հակաիրավական գործողությունները կանխելու համար", - ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ հարազատների ասելով, այս պահին Դուբայ մեկնող հայրենակիցների հետ կապ չկա։ Ռուսաստանի հայերի միությունը նաև Հայաստանի ԱԳՆ-ին կոչ է արել ձեռնարկել բոլոր հնարավոր քայլերը իրենց կամքին հակառակ Բաքվում հայտնված հայերի անվտանգությունն ապահովելու համար:
Հիշեցնենք, որ հունիսի 13-ի գիշերն Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հայտարարել Է «Իրանի միջուկային ծրագրին կանխարգելիչ» հարվածի մասին: Իսրայելի ՌՕՈՒ-ը գրոհել են Թեհրանի մոտակայքում գտնվող, առնվազն, 6 ռազմակայաններ: Իրանական IRNA լրատվական գործակալության տվյալներով՝ իսրայելական հարվածների հետևանքով զոհվել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար գեներալ Հոսեյն Սալամին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերին, ատոմային գիտնական, Իսլամական ազատ համալսարանի նախագահ Մոհամմադ Մեհդի Թեհրանչին, և Իրանի ատոմային Էներգիայի կազմակերպության նախկին ղեկավար Ֆերեյդուն Աբբասին: Իսրայելում արտակարգ դրություն Է մտցվել, արգելվել են հավաքները, ուսումնառությունն ու աշխատանքը ձեռնարկություններում։ Պաշտպանության նախարար Իսրայել Կացն այդ միջոցը բացատրել Է Իրանի հնարավոր պատասխան հարվածով։ Իսրայելի տրանսպորտի նախարարությունը հայտարարել է երկրի օդային տարածքը փակելու մասին՝ մինչև հետագա ծանուցում:
Հավելեք, որ տարածաշրջանում լարվածության աճի ֆոնին "Զվարթնոց" օդանավակայանում չեղարկվել են <FlyOne> ավիաընկերության Թել Ավիվ-Երևան-Թել Ավիվ, <Fly Dubai>-ի Դուբայ-Երևան-Դուբայ և <Wizz Air>-ի Աբու Դաբի-Երևան - Աբու Դաբի չվերթները: Հետաձգվել է <Armenia Airways>-ի Թեհրան-Երևան-Թեհրան չվերթը: