Արմինֆո.Հաշվի առնելով, որ Եվրոպան և հնդկա - խաղաղօվկիանոսյան տարածաշրջանը փոխադարձ շահագրգռվածություն ունեն խորացնելու կապերը, Հայաստանը, որպես այդ տարածաշրջանների միջև Հարավային Կովկասում գտնվող պետություն, այստեղ կարևոր դիրք է զբաղեցնում: Այդ մասին հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ հունիսի 12-ին Մարսելում "Միջերկրական Ռաիսինա" համաժողովի շրջանակում պանելային քննարկման ժամանակ։
Գոհունակություն հայտնելով, որ Ֆրանսիան և Հնդկաստանը դարձել են ռազմավարական գործընկերներ, Միրզոյանը հիշեցրել է, որ Հայաստանը ռազմավարական հարաբերություններ ունի ինչպես Ֆրանսիայի, այնպես էլ Հնդկաստանի հետ՝ մշտապես խորացնելով դրանք։
Նա նշել է, որ Ֆրանսիան և Հնդկաստանը կապող ուղիներից մեկը ծովային է, սակայն, որը, ցավոք, նրա ասելով, չի կարող ապահովել անհրաժեշտ արագություն և ոչ միշտ է անվտանգ: "Այստեղ Հայաստանը կարևոր դիրք ունի, քանի որ գտնվում է Հարավային Կովկասի տարածաշրջանում՝ Եվրոպայի և Հնդկաստանի միջև։ Իսկ մենք առաջ ենք տանում փոխկապակցվածության ծրագրերը և մեծ միջոցներ ենք ներդնում մեր ենթակառուցվածքների զարգացման համար", - նշել է նախարարը։
Միրզոյանն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Հայաստանն ունի 4 հարևան (հյուսիսում ՝ Վրաստանը, հարավում՝ Իրանը, արևելքում՝ Ադրբեջանը, Արևմուտքում՝ Թուրքիան), որոնցից երկուսի ՝ Վրաստանի և Իրանի հետ հիանալի հարաբերությունների մեջ է: "Եվ մենք ջանքեր ենք գործադրում Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ մեր հարաբերությունները կարգավորելու համար՝ այն տրամաբանությամբ, որ պատրաստվում ենք բացել սահմանները, երկաթուղային կապ հաստատել, եւ, նույնիսկ, անվանում ենք տվել այդ ծրագրի ենթակառուցվածքային բաղադրիչին՝ "Խաղաղության խաչմերուկ", - հաղորդել է ԱԳ նախարարը:
Այսպիսով, ըստ նրա, հայկական կողմի ջանքերն ուղղված են Հայաստանի շուրջ բարգավաճ և խաղաղ միջավայրի ստեղծմանը, որը օգուտ կբերի ոչ միայն մեր պետությանը և նրա հարևաններին, այլև կունենա ավելի լայն ընդգրկում:
"Եթե ցանկանում եք կապ հաստատել Հնդկաստանի և Ֆրանսիայի միջև, պետք է ասեմ, որ անհրաժեշտ է մեծ ուշադրություն դարձնել այն ամենին, ինչ գտնվում է նրանց միջև: Չէ որ այնտեղ կա տարածք և միջավայր, որտեղ կարելի է հանգստանալ, վերականգնել ուժերը և այնուհետև շարունակել ճանապարհը", - ընդգծել է Միրզոյանը ։