Արմինֆո. Հայաստանի պետական պահպանության ծառայության (ՊՊԾ)աշխատակիցները լրագրող Վահե Մակարյանին ուժով դուրս են բերել Ազգային ժողովի շենքից: Միջադեպը տեղի է ունեցել հունիսի 13-ին ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ՝ փողի դիմաց բանակում ծառայության ժամկետը կրճատելու մասին աղմկահարույց օրենսդրական նախաձեռնության քննարկման ժամանակ, երբ ՊՊԾ աշխատակիցները լրագրողից պահանջել են լքել ԱԺ շենքը ՝ այդպես էլ չնշելով պատճառը:
Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն էլ, իր հերթին, լրագրողին կոչ է արել դուրս գալ և հասկանալ, թե ինչ է կատարվում: "Միգուցե ինչ-որ խնդիր կա, որի պատճառով ձեզ խնդրում են դուրս գալ",-ասել է նա:
"Հայաստան" խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հակադարձել է. "Վահե Մակարյանը, որպես լրագրող, ցանկանում է մասնակցել հանձնաժողովի նիստին: Աշխատակազմի ղեկավարն ասում է, որ Վահեն իրավունք չունի գտնվել Ազգային ժողովի տարածքում" (պատգամավորը նրան անցագիր էր տվել):
Նիստի դահլիճը լքելուց հետո Մակարյանը դիմել է ՊՊԾ աշխատակիցներին, նշելով, որ ԱԺ կանոնակարգում հանձնաժողովի նիստերի դահլիճում իր գտնվելն արգելող կետ չկա:
"Դա իմ գործը չէ, դիմեք աշխատակազմին", - ասել է անվտանգության ծառայության աշխատակիցը:
Այնուհետև նրանք ոլորել են Մակարյանի ձեռքերը և դուրս բերել ԱԺ շենքից։
Մակարյանի կարծիքով՝ դրա հետևում կանգնած է հենց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
Ավելի վաղ՝ 2024 թվականի նոյեմբերի 4-ին, Mediahub.am լրատվական կայքի խմբագրությունն ստացել էր ԱԺ աշխատակազմի ղեկավարի գրությունը ՝ խորհրդարանում ԶԼՄ թղթակից Վահե Մակարյանի հավատարմագրումը դադարեցնելու մասին: Պատճառը հոկտեմբերի 31-ին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և Վահե Մակարյանի միջև տեղի ունեցած սկանդալային բախումն էր, որին անդրադարձել են մի շարք լրատվամիջոցներ: ԶԼՄ-ների հրապարակումների համաձայն, երբ ԱԺ շենքում լրագրողը մոտեցել է ԱԺ նախագահին՝ մեկնաբանության համար, նրանց շփումը, որն սկսվել էր կատակներով, ի վերջո վերածվել է փոխադարձ մեղադրանքների, իսկ հետո՝ փողոցային բառապաշարով լեզվակռվի։ Դիմակայությունը կասեցվել էր անվտանգության աշխատակիցների միջամտությամբ։
Հավատարմագրումից զրկելը Մակարյանը բողոքարկել է դատարանում։ Իր կողմից՝ ԱԺ նախագահը երեք հայց է ներկայացրել լրագրողի դեմ ՝ պահանջելով արգելանք դնել լրագրողին պատկանող գույքի և հաշիվների վրա: