Արմինֆո. Ադրբեջանական իշխանությունները հայտարարել են, թե վերականգնելու են հայկական Ծիծեռնավանքը, որը գտնվում է Արցախի Հանրապետության Բերձորի / Լաչինի / շրջանում՝ ներկայումս Ադրբեջանի վերահսկողության ներքո։ Այդ մասին հաղորդում է ՀԱԵ Արցախի թեմի մամուլի ծառայությունը։
«Սակայն վերականգնման իրական նպատակները եւ վանքի ապագան հարցականի տակ են։ Հայտնի չէ, թե ինչ կերպ է շարունակելու իր գոյությունը վանքը՝ վերականգնումից հետո։
Ենթադրելի է, որ հայկական վանքը կարող է հանձնվել Ադրբեջանի կողմից խրախուսվող աղվանա-ուդիական քրիստոնեական համայնքին՝ փորձելով վերագրվել հայկական մշակութային ժառանգությունը։
Ըստ Trend գործակալության՝ Բերձորի շրջանում Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Հուսեյն Գուլիեւը հայտարարել է, որ ադրբեջանական պետական մարմինները մշակում են առաջարկներ՝ վանքի վերականգնման ուղղությամբ։ Նշենք, որ Ադրբեջանը հայկական Ծիծեռնավանքը կոչում է «Աղօղլանի վանք»՝ փորձելով փոխել ոչ միայն դրա մշակութային, այլեւ պատմական ինքնությունը», - ասվում է հաղորդագրությունում։
Հիշեցնենք, որ մայիսի 27-ին Բեռնում մեկնարկել է միջազգային խորհրդաժողով՝ նվիրված Արցախի հայ հոգևոր և մշակութային ժառանգության պահպանման հարցերին: Միջոցառումը կազմակերպել էր Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը (ԵՀԽ) Շվեյցարիայի բողոքական եկեղեցու հետ համատեղ՝ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նախաձեռնությամբ: Խորհրդաժողովի ընթացքում նշվել է, որ Արցախի զավթումից հետո շարունակվում է Ադրբեջանի կողմից հայկական հնագույն հուշարձանների, քրիստոնեական սրբավայրերի, բնակավայրերի և գերեզմանատների բարբարոսական ոչնչացումը: Գարեգին Բ-ն նաև ուշադրություն է հրավիրել օկուպացված տարածքներում հայկական հոգևոր-մշակութային ժառանգությունն ալբանացնելու Ադրբեջանի փորձերի վրա: