Արմինֆո. Թբիլիսիում Վրաստանի հայ համայնքը "Հեռու մնա Հայ Առաքելական Եկեղեցուց" կարգախոսով ակցիա է անցկացրել՝ ի աջակցություն ՀԱԵ և ի պաշտպանություն ազգային արժեքների: Այս մասին հաղորդում է Վրաստանի հայ համայնքի մամուլի ծառայությունը։
Ակցիայի ընթացքում "Վրաստանի հայ համայնք" հասարակական կազմակերպության նախագահ Արթուր Միրզոյանը հանդես է եկել Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականությունը դատապարտող հայտարարությամբ: Իր ելույթում նա ընդգծել է, որ այն ժամանակաշրջանում, երբ հայ ժողովուրդը բախվում է Արցախի բնակչության բռնի տեղահանման ծանր հետևանքներին, Բաքվում հայ ռազմագերիների և քաղաքական գործիչների նկատմամբ անօրինական դատավարությանը, ինչպես նաև տարածքային կորուստների և ազգային արժանապատվության ճգնաժամի, եկեղեցու դեմ հարձակումը հարված է հայության հիմքերին:
"Հայ Առաքելական Եկեղեցին դարեր շարունակ եղել է մեր պայքարի, վերածննդի ու գոյատևման հիմքը, մեր խղճի ու հոգու պահապանը։ Այսօր, երբ Սարդարապատում հոգևորականը հնչեցնում է եկեղեցու անփոփոխ դիրքորոշումը, իշխանությունը պատասխանում է արհամարհանքով և հայհոյանքներով։ Երբ Ամենայն հայոց կաթողիկոսը միջազգային հարթակներում բարձրացնում է Արցախի մշակութային ժառանգության հարցը, նրան դիմավորում են մեղադրանքներով և խեղաթյուրված ձևակերպումներով: Սա պատահականություն չէ, սալ մտածված քաղաքականություն է", - ասվում է հայտարարության մեջ։
Այդ առնչությամբ ընդգծվում է, որ Սա փորձ է՝ սասանելու ու կործանելու մեր ինքնությունը, դատարկելու ազգային պետականության բովանդակությունը, տկարացնելու հայ ժողովրդի հավաքական դիմադրությունը, դատարկելու ազգային պետականության բովանդակությունը։
«Մենք հայտարարում ենք. Հայ Առաքելական Եկեղեցին եղել է, կա և լինելու է մեր ինքնության ողնաշարը։ Մենք կանգնած ենք մեր Եկեղեցու, մեր հոգևոր հայրերի, և մեր ժողովրդի բարոյական հիմքերի կողքին։ Մենք չենք լռելու, երբ ոտնահարվում են սրբությունները։
Մենք մերժում ենք այդ ոճի իշխանությունը՝ որը հայհոյում է սեփական հոգևոր ժառանգությունը, որը շնորհավորում է Ադրբեջանին և Թուրքիային տոների առթիվ, իսկ դրան զուգահեռ՝ Ադրբեջանի կրոնապետը Էջմիածին մայր տաճարը հռչակում է ադրբեջանական։ Սա արդեն ազգային ինքնության պահպանման հարցն է։ Սա չի վերաբերում մեկ հոգևորականի կամ մի կուսակցության։ Սա վերաբերում է մեզ բոլորիս», - ասվում է հայտարարությունում։
Նշենք, որ արդեն մի քանի օր Նիկոլ Փաշինյանը չի դադարում թիրախավորել Հայ Առաքելական Եկեղեցին ։ Սկզբում կառավարության նիստում նա հայկական եկեղեցիները համեմատեց չուլանների հետ։ Այնուհետեւ հաջորդեցին նրա հայտարարությունները սոցիալական ցանցերում, որտեղ Հայաստանի վարչապետը հայհոյախառն բառապաշար էր օգտագործում ՀԱԵ բարձրաստիճան պաշտոնյաների հասցեին: Վարչապետը պահանջել է, որ կուսակրոնության ուխտը խախտած բոլոր հոգեւորականները կարգալույծ արվեն։ Նմանատիպ հարձակումներով հանդես է եկել նաև վարչապետի կինը՝ Աննա Հակոբյանը, ով պատրիարքին անվանել է "գլխավոր մաֆիոզ"։ Այդ հայտարարությունները խիստ արձագանք են գտել հոգևորականների շրջանում։ Սկանդալի ֆոնին Փաշինյանը կոչ է արել "գործուն քայլեր" ձեռնարկել, որոնք կհանգեցնեն Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի փոփոխության, եւ հայտարարել է հատուկ համակարգող խումբ ստեղծելու մտադրության մասին՝ "Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վեհարանի ազատագրման" եւ կաթողիկոսի նոր ընտրությունների անցկացման կազմակերպչական հարցերի կարգավորման համար: Փաշինյանը հստակեցրել է, որ համակարգող խմբի անդամ կարող են դառնալ ՀԱԵ հետևորդները. ընդ որում, համակարգող խմբի առաջին 10 անդամներին վարչապետը պատրաստվում է ինքն ընտրել։