Արմինֆո. Եթե Իրանի եւ Իսրայելի միջեւ բախումը վերաճի լիարժեք պատերազմի, ապա Իրանին ճնշելու մյուս ամենահավանական կետը լինելու է Սյունիքը: Այդ մասին գրում է պատմական գիտությունների թեկնածու, թյուրքագետ Վարուժան Գեղամյանը։
Նա հիշեցրել է, որ Իսրայելը մի քանի ժամ առաջ ավիահարվածներ է հասցրել Հայաստանի հարևան ու բարեկամ Իրանի տարածքին: «Թիրախում են հայտնվել Թեհրանը, Թավրիզը և այլ բնակավայրեր, ռազմական ու միջուկային ենթակառուցվածքներ (տե՛ս կից քարտեզը)։ Ըստ դեռևս լիովին չհաստատված լուրերի` իսրայելական թիրախային հարվածներից սպանվել են շատ բարձրաստիճան իրանցի զինվորականներ, ինչպես նաև միջուկային հարցերով զբաղվող ֆիզիկոսներ:
Իրավիճակը գերլարված է, և հղի նոր բախումներով ու լիարժեք պատերազմի վտանգով։ Իրանի ու մի շարք
երկրների օդային տարածքները փաստացի փակ են։
Հիմա գանք մեզ՝ Հայաստանին։ Եթե այս հարվածները շարունակվեն և վերաճեն լիարժեք պատերազմի, ապա Իրանին ճնշելու մյուս ամենահավանական կետը լինելու է Սյունիքը։ Այդ հարցում գործի է անցնելու Իսրայելի փաստացի դաշնակից հանդիսացող Ադրբեջանը, որին վերջին ամիսներին Իսրայելը բառացիորեն «լցոնել է» զենք-զինամթերքով։ Հատկապես որ Թուրքիայի զինված ուժերն էլ զորավարժությունների անվան տակ այս պահին ու առնվազն մինչև հունիսի վերջ Նախիջևանում են լինելու՝ այդպիսով ապահովելով Սյունիքի արևմտյան կողմի վրա ճնշումը։
Սա դեպքերի ու իրադարձությունների զարգացման ամենահավանական սցենարներից է։
Պատկերավոր ասած՝ Հայաստանը նստած է վառոդի տակառի վրա, իսկ վառոդի հոտը թաքցվում է մեր հանրության կողմից և դրա փոխարեն ամեն օր «ցանում են» էժանագին օծանելիք («ներդրումներ», «կրթվել» և այլն) ու թուլացնում ազգային ինստիտուտները (մերձավորարևելյան այս ճգնաժամի մեջ հայ եկեղեցին կարող է ոչ միայն ներքին, այլև արտաքին կարևոր դերակատարում ունենալ՝ հաշվի առնելով նրա դերը, հարգանքը ու կապերն այս տարածաշրջանում)», - Գեղամյանը՝ «Ֆեյսբուքի» իր էջում։
Հիշեցնենք, որ Հունիսի 13-ի գիշերն Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հայտարարել Է «Իրանի միջուկային ծրագրին կանխարգելիչ» հարվածի մասին: Իսրայելի ՌՕՈՒ-ը գրոհել են Թեհրանի մոտակայքում գտնվող, առնվազն, 6 ռազմակայաններ: Իրանական IRNA լրատվական գործակալության տվյալներով՝ իսրայելական հարվածների հետևանքով զոհվել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար գեներալ Հոսեյն Սալամին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերին, ատոմային գիտնական, Իսլամական ազատ համալսարանի նախագահ Մոհամմադ Մեհդի Թեհրանչին, և Իրանի ատոմային Էներգիայի կազմակերպության նախկին ղեկավար Ֆերեյդուն Աբբասին: Իսրայելում արտակարգ դրություն Է մտցվել, արգելվել են հավաքները, ուսումնառությունն ու աշխատանքը ձեռնարկություններում։ Պաշտպանության նախարար Իսրայել Կացն այդ միջոցը բացատրել Է Իրանի հնարավոր պատասխան հարվածով։ Իսրայելի տրանսպորտի նախարարությունը հայտարարել է երկրի օդային տարածքը փակելու մասին՝ մինչև հետագա ծանուցում:
Հավելեք, որ տարածաշրջանում լարվածության աճի ֆոնին "Զվարթնոց" օդանավակայանում չեղարկվել են <FlyOne> ավիաընկերության Թել Ավիվ-Երևան-Թել Ավիվ, <Fly Dubai>-ի Դուբայ-Երևան-Դուբայ և <Wizz Air>-ի Աբու Դաբի-Երևան - Աբու Դաբի չվերթները: Հետաձգվել է <Armenia Airways>-ի Թեհրան-Երևան-Թեհրան չվերթը: