


Հայաստանի հանրապետական կուսակցությունը վտանգավոր չի համարում դեկտեմբերի 1-ից իշխանափոխության գործընթաց սկսելու վերաբերյալ ՙՆոր Հայաստան՚ ճակատի հայտարարությունները: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ՀՀԿ խմբակցության անդամ Կարինե Աճեմյանը:
Նրա կարծիքով, ճակատի սպառնալիքներն իրատեսական չեն, քանի որ ՙՆոր Հայաստանի՚ օրակարգն ակտուալ չէ, և վերջինսի անդամների շրջանում բազմաթիվ տարաձայնություններ կան: ՙԱյդ ճակատից որոշ անձինք բոլոր հարմար առիթներն օգտագործում են իշխանափոխության հարց բարձրացնելու համար, սակայն տվյալ պահին օրակարգում կառավարման համակարգի փոփոխության հարցն է դրված, ինչն ավելի ակտուալ է՚,- նշել է քաղաքական գործիչը:
Աճեմյանը գտնում է նաև, որ բարեփոխումների հակառակորդներն անհրաժեշտ քանակությամբ կողմնակիցներ չունեն, որպեսզի լուրջ գործողություններ սկսեն: ՙՉեմ կարծում, որ դեկտեմբերի 1-ին ցնցումներ լինեն, դրա համար պատճառներ չկան: Սակայն, հնարավոր է, ճակատից որոշ մարդիկ սադրանքների գնան՚,- հայտարարել է պատգամավորը: Ըստ որում, նա նշել է, որ ՀՀԿ-ն ամեն բան անելու է՝ սադրանքները բացառելու և լուրջ հետևանքներից խուսափելու նպատակով:
Հոկտեմբերի 21-ին սահմանադրական փոփոխությունների դեմ հանդես եկող ՙՆոր Հայաստան՚ շարժման համակարգող Ժիրայր Սեֆիլյանը հայտարարել է դեկտեմբերի 1-ից իշխանափոխության գործընթաց սկսելու մասին: Նա հավաստիացրել է, որ շարժումը մտադիր չէ նահանջել և իր նպատակին հասնելու համար կգնա մինչև վերջ: ՙԻսկ եթե իշխանությունները փորձեն ուժ գործադրել, համարժեք պատասխան կստանան՚,- հայտարարել է Սեֆիլյանը:
Սահմանադրական հանրաքվեն Հայաստանում տեղի կունենա դեկտեմբերի 6-ին, Հանրապետական կուսակցության շտաբը կգլխավորի վարչապետ Հովիկ Աբրահամյանը, իսկ ընդդիմադիր ՙՈչ՚ շարժման շտաբը՝ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:



