Արմինֆո. Հայաստանի իշխանությունները ցանկանում են Դիլիջանի շրջանում նոր թունել կառուցել։ Այդ մասին հունիսի 11-ին հայտարարել է տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը՝ ԱԺ հանձնաժողովների նիստում, որտեղ քննարկվում է 2024 թվականի պետական բյուջեի կատարողականը։
Սակայն, նրա ասելով, ավտոմոբիլային տրանսպորտի երթևեկությանը չխոչընդոտելու համար որոշում է կայացվել, նախ, հիմնովին վերանորոգել գործող թունելը, որը կգործի մինչև նորի շինարարության ավարտը: Ներկայում գործող թունելը կպահպանվի՝ նոր թունելում չնախատեսված հանգամանքների դեպքում։
Հիշեցնենք, որ ավելի վաղ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը հաղորդել էր, որ նախատեսվում է նախագծային աշխատանքներ սկսել Պուշկինի և Դիլիջանի թունելներում: Անվտանգության առումով դրանք լավագույն վիճակում չեն։ Փոխնախարարը նշել էր, որ վարկային ծրագրերի շրջանակներում խնայողությունների հաշվին գերատեսչությունը նախագծային աշխատանքների կատարումը պատվիրել է միջազգային ընկերությունների։ Նախատեսվում է լիովին վերականգնել Պուշկինի թունելը։ "Դիլիջանի թունելի առնչությամբ մենք ունենք կարևոր որոշում ՝ նախատեսում ենք կառուցել նորը", - ասել էր Ղալեչյանը, հավելելով, որ նախատեսվում է պատրաստել նախագծային փաստաթղթեր: Թունելի շինարարությունը կիրականացվի անվտանգության, օդափոխության և լուսավորության բարձր չափորոշիչներին համապատասխան: