Արմինֆո.Իմանալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ձեռագիրը՝ բոլորի համար պարզ է, թե նա ինչ ճանապարհով է գնում, ուր է տանում հայ հասարակությունը։ Այդ մասին երեկ ուշ երեկոյան "Զվարթնոց" օդանավակայանում լրագրողներին հայտարարել է ՀՅԴ գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
Նշենք, որ Սաղաթելյանի կոչով օդանավակայանում հավաքվել էին բազմաթիվ քաղաքացիներ, քաղաքական և հասարակական գործիչներ, իրավաբաններ և փորձագետներ՝ ողջունելու և իրենց զորակցությունը հայտնելու Արաբական Միացյալ Էմիրություններից Հայաստան վերադարձող Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսին:
ՀՅԴ կուսակցության ներկայացուցչի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը եկեղեցու դեմ պայքարում է իշխանության գալու օրվանից ի վեր, բայց, եթե նախկինում դա անում էր գաղտնի, այլ մարդկանց օգնությամբ, ապա հիմա բացահայտ հարձակում է սկսել եկեղեցու դեմ: "Դուք ծանոթ եք կաթողիկոսին Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու կառավարումից հեռացնելու, այսպես կոչված, համակարգող խումբ ձեւավորելու մասին նրա վերջին հայտարարությանը", - հայտարարել է դաշնակցականը:
Նա հավելել է, որ "Զվարթնոց" օդանավակայանում ակցիան կոչված է ցույց տալու աջակցությունը ՀԱԵ-ին և Նորին սրբությանը: "Մենք եկել ենք՝ ասելու, որ Եկեղեցին միայնակ չէ, թույլ չենք տա, որ նրա հետ այդպես վարվեն։ Սա ՀԱԵ հետ մեր համերաշխությունը խորհրդանշող առաջին պարզ քայլն է։ Եթե մենք ուզում ենք այդ հրեշին իր բույնը քաշել, պետք է պայքարենք, պետք է լինի համարժեք պատասխան", - ասել է Իշխան Սաղաթելյանը։
Հիշեցնենք, որ նախօրեին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես էր եկել, իր համոզմամբ, կուսակրոնության ուխտը խախտած Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսին պաշտոնանկ անելու համար համակարգող խումբ ստեղծելու նախաձեռնությամբ:
Մայիսի 29-ին կառավարության նիստում Փաշինյանը հայտարարել էր, թե հայկական եկեղեցիները "չուլանացված են"։ Հաջորդ օրը նա սուր գրառումներ էր կատարել սոցիալական ցանցերում՝ հայհոյախառն բառապաշար օգտագործելով ՀԱԵ հոգևորականների հասցեին: Վարչապետը պահանջել էր, որ կուսակրոնության ուխտը խախտած բոլոր հոգեւորականները զրկվեն հոգևոր կարգից։ Համանման հարձակումներով հանդես էր եկել նաև վարչապետի տիկին Աննա Հակոբյանը: Այդ հայտարարությունները խիստ արձագանք էին գտել հոգևորականների շրջանում։ Սկանդալի ֆոնին վարչապետն առաջարկել էր փոխել ՀԱԵ ղեկավարի ընտրության կարգը, որպեսզի պետությունը որոշիչ ձայն ունենա ընտրություններում, իսկ թեկնածուները անցնեն էթիկայի ստուգում: