


Արմինֆո. «Գեղարդ» հիմնադրամը դիմում-բողոքով դիմել է միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններին՝ «Akademik Tarih ve Düşünce Dergisi» (ISSN 2148-2292) ամսագրի էթիկական խախտումների հարցը քննելու համար։
Ինչպես նշվում է «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամի հաղորդագրությունում, միջազգային գիտատեղեկատվական մի շարք շտեմարաններում ինդեքսավորվող «Akademik Tarih ve Düşünce Dergisi» գիտական ամսագրում հրապարակված բազմաթիվ հրապարակումների բովանդակություններ խախտում են գիտական էթիկան։
Մասնավորաապես, 2024-2025 թվականներին ամսագրում հրապարակված նյութերի վերլուծությունը բացահայտել է ակադեմիական և էթիկական չափորոշիչների բազմաթիվ խախտումներ, որոնք արտահայտում են.
պատմական փաստերի բացահայտ կեղծիքներ և աղավաղումներ պարունակող նյութերի հրապարակում; ակադեմիական հետազոտությունների քողի տակ այլատյացության և հակահայկական հռետորաբանության տարածում; պատմական իրադարձությունների քաղաքական ենթատեքստով մեկնաբանություններ՝ առանց ակադեմիականորեն ճանաչված աղբյուրներին հղում կատարելու; այլ ամսագրերի տվյալների բազաներում ներառված լինելու վերաբերյալ կեղծ տեղեկատվության տրամադրում, որոնցում այն ինդեքսավորված չէ։
«Ներկայացնում ենք խնդրահարույց հրապարակումների մի քանի օրինակներ՝ «Արևմտյան Ադրբեջան»-ի քողի տակ բացահայտ տարածքային ոտնձգությունը Հայաստանի Հանրապետության նկատմամբ,» «Ադրբեջանցիների արտաքսումն Արևմտյան Ադրբեջանից և վերադարձի հայեցակարգը», առանց գիտական ապացույցների ենթադրյալ «ադրբեջանցիների ցեղասպանության» մեղադրանքը, իբր թե հայերի կողմից Երևանի Կապույտ մզկիթի քանդումը (վերականգնվել է 1990-ական թվականներին և գործում է մինչ օրս) և այլն։
Նման հրապարակումները հակասում են ոչ միայն ակադեմիական էթիկային, այլև՝ ակադեմիական միջազգային չափանիշներին և հրատարակչական էթիկայի կանոնագրքին», - ընդգծվում է հիմնադրամի հաղորդագրությունում։



