


«Նոր Հայաստան» ճակատը չի կարող համախմբել հասարակությանը և հասնել իշխանափոխության, քանի որ դա գերակայություն չէ առկա իրողություններում: Այդ մասին հոկտեմբերի 22-ին մամուլի ասուլիսում հայտարարել է Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի տնօրեն Ստեփան Սաֆարյանը` պատասխանելով ԱրմԻնֆո-ի թղթակցի հարցին:
Նրա ասելով, ճակատի անդամները գիտակցել են, որ չեն կարող հասարակությանը համախմբել ընդդեմ սահմանադրական բարեփոխումների և շրջանառության մեջ են դրել իշխանափոխության հարցը: «Վախենամ` դեկտեմբերի 6-ից հետո մենք կունենանք նոր սահմանդրություն, սակայն իշխանափոխություն, այդպես էլ, տեղի չի ունենա», - նշել է նա:
Ընդ որում փորձագետն ընդգծել է, որ քանի դեռ շարժումն զբաղված է տվյալ պահի համար երկրորդական հարցերով, քաղաքական գործընթացները սրընթաց զարգանում են, և իշխանությունները հնարավոր բոլոր միջոցներով կանցկացնեն հանրաքվեն և սահմանադրական բարեփոխումները: Այդ համատեքստում Սաֆարյանը նշել է, որ անընդունելի է համարում վարչապետ Հովիկ Աբրահամյանի նշանակումը սահմանադրական հանրաքվեի ՀՀԿ շտաբի ղեկավար, քանի որ նա կարող է օգտագործել վարչական ռեսուրսն ու քաղաքական ազդեցությունը:
Նշենք, որ հոկտեմբերի 21-ին սահմանադրական բարեփոխումների դեմ հանդես եկող «Նոր Հայաստան» ճակատի համակարգող Ժիրայր Սեֆիլյանը հայտարարել է դեկտեմբերի 1-ից իշխանափոխության գործընթաց սկսելու մտադրության մասին: Նա հավաստիացրել է, որ շարժումը մտադիր չէ նահանջել և իր նպատակն իրագործելու համար կգնա մինչև վերջ: «Իսկ եթե իշխանությունները փորձեն ուժ կիրառել, ապա կստանան համարժեք պատասխան», - հայտարարել է Սեֆիլյանը:
Հիշեցնենք, որ ընդդեմ սահմանադրական բարեփոխումների ձևավորվել է երկու ճակատ` «Ոչի» և «Նոր Հայաստան»: Սահմանադրական հանրաքվեն կկայանա դեկտեմբերի 6-ին, ՀՀԿ շտաբը կգլխավորի վարչապետ Հովիկ Աբրահամյանը, իսկ «Ոչ» ընդդիմադիր շարժման շտաբը` ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:



