Արմինֆո. Ընդդիմադիր խորհրդարանական "Հայաստան" խմբակցությունը պատրաստ է ողջամիտ ժամկետում ապահովել պակասող 28 պատգամավորների ստորագրությունները՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց նախաձեռնելու համար:
«Հայաստան» խմբակցությունը, հավատարիմ մնալով ավելի վաղ արված հայտարարությանը, վերահաստատում է իր պատրաստակամությունը՝ ապահովել պակասող 28 պատգամավորի ստորագրությունները ողջամիտ ժամկետներում՝ ԱԺ-ում իմպիչմենտի գործընթաց նախաձեռնելու համար։ Այս հարցերի շուրջ «Պատիվ ունեմ» խմբակցության մեր գործընկերների հետ պատրաստ ենք հավելյալ քննարկման», - սոցցանցում գրել է "Հայաստան" խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։
Հիշեցնենք, որ հունիսի 7-ին Հայաստանի Հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ)՝ ի դեմս ՀՀ Ազգային ժողովի "Պատիվ ունեմ" ընդդիմադիր խմբակցության, իմփիչմենթի գործընթացի շրջանակներում վարչապետի թեկնածու էր առաջադրել Արարատի մարզի Մասիս համայնքի ղեկավար, ՀՀԿ խորհրդի անդամ Դավիթ Համբարձումյանին:
Նշենք, որ գործող վարչապետին անվստահություն հայտնելու հարցը ԱԺ-ում կարող է քննարկվել միայն այն դեպքում, եթե առնվազն 36 պատգամավոր ներկայացնի գործընթաց սկսելու համար անհրաժեշտ ստորագրությունները: Ընդդիմադիր երկու խմբակցությունները ("Հայաստան" և "Պատիվ ունեմ") միասին ունեն 34 պատգամավոր։ Եվս չորսն ունեն անկախ կարգավիճակ։ Կառավարության ղեկավարին անվստահություն հայտնելու համար իմփիչմենթի օգտին պետք է քվեարկի 107 պատգամավորներից առնվազն 54-ը:
Այսօր ավելի վաղ անկախ պատգամավոր Հովիկ Աղազարյանը հայտարարել է, որ ինքը և Հակոբ Ասլանյանը (նույնպես՝ անկախ, նախկինում "Քաղաքացիական պայմանագրի" պատգամավոր, ինչպես եւ Աղազարյանը-խմբ.) չեն պաշտպանելու Համբարձումյանի թեկնածությունը, քանի որ իրենք էլ ունեն իրենց թեկնածուն ՝ Փաշինյանի հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանը, ով "10 անգամ ավելի ուժեղ է, քան Նիկոլ Փաշինյանը":