Արմինֆո. ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը հերքել է Արարատի մարզում Նիկոլ Փաշինյանին ուղեկցող ավտոշարասյան վթարի մասին ԶԼՄ-ների տարածած հաղորդումները:
"Hraparak.am-ի տարածած տեղեկությունը, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանի շարասյունը Սյունիքից վերադառնալիս ավտովթարի է ենթարկվել Արմաշ գյուղում, չի համապատասխանում իրականությանը։ Կոչ եմ անում լրատվամիջոցներին զերծ մնալ չճշգրտված և անհիմն տեղեկատվություն տարածելուց",-գրել է մամուլի քարտուղարը՝ «Ֆեյսբուքի իր էջում:
Համանման բնույթի հայտարարությամբ հանդես է եկել նաեւ ՆԳՆ-ը։ «Հունիսի 8-ին՝ ժամը 19․10-ին, ՆԳ նախարարության ոստիկանություն վթարի վերաբերյալ ահազանգ է ստացվել։ Պարզվել է, որ Արարատի մարզի Արմաշ գյուղում պարեկային ծառայության կարգախումբը կանգնեցրել է «Նիսան» մակնիշի ավտոմեքենա' վարչարարություն իրականացնելու նպատակով։ Կարճ ժամանակ անց նույն ճանապարհով երթևեկող «Հյունդայի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, չկարողանալով կառավարել այն, բախվել է պարեկային ծառայության կարգախմբի կայանված ավտոմեքենային։ Պատահարի հետևանքով երեք մարդ, այդ թվում' պարեկային ծառայության կարգախմբի կին ծառայողը ստացել են մարմնական վնասվածքներ ու հոսպիտալացվել։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։
Մամուլում տեղեկություններ էին տարածվել, որ նշված վթարի մասնակից է նաև ՀՀ վարչապետին ուղեկցող ավտոշարասյունը։ Հայտնում ենք, որ այս տեղեկությունը իրականության հետ որևէ աղերս չունի և կոչ ենք անում' չճշտված ու չստուգված տեղեկություններ չտարածել», - ասվում է ՆԳՆ Ոստիկանության հաղորդագրությունում։