Արմինֆո. Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) նոր մանրամասներ է ներկայացրել Սյունիքի մարզի Տեղ համայնքից երկու դեռահասների մասին, ովքեր նախօրեին հայտնվել էին ադրբեջանական կողմում:
«Ի լրումն ս/թ հունիսի 6–ին տարածած հաղորդագրության, տեղեկացնում ենք, որ Սյունիքի մարզի Տեղ համայնքի երկու անչափահաս բնակիչների հայնաբերվելուց հետո նրանց հետ ունեցած զրույցներից պարզվել է, որ իրենց ընտանի կենդանիներին փնտրելու ընթացքում նրանք մոլորվել են եւ մառախուղի պատճառով չեն կարողացել կողմնորոշվել տեղանքում։ Ադրբեջանցիների կողմից նրանց առեւանգելու մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը», - այսօր հաղորդել է ԱԱԾ մամուլի կենտրոնը։
Նախօրեին ԱԱԾ-ը հաղորդել էր, որ Սյունիքի մարզի երկու անչափահաս բնակիչներ մոլորվել են և հայտնվել Ադրբեջանի տարածքում: «Ստացված տվյալների համաձայն՝ ՀՀ Սյունիքի մարզի Տեղ համայնքի բնակիչներ Կարեն Արմենի Ջհանգիրյանը (ծնված 27.06.2007թ.) և Անդրեյ Արմենի Գյագունցը (ծնված 13.01.2008թ.) 2025 թվականի հունիսի 6-ին՝ ժամը 01:20-ի սահմաններում, Սյունիքի մարզի Արավուս գյուղի հարակից հատվածում՝ տեղանքում մոլորվելու հետևանքով հայտնվել են Ադրբեջանի տարածքում։ Ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցները՝ քաղաքացիների գտնվելու վայրը պարզելու և նրանց անվտանգ վերադարձն ապահովելու ուղղությամբ» - ասվում էր ԱԱԾ հաղորդագրությունում։ Հունիսի 6-ի երեկոյան գերատեսչությունը հաղորդել էր, որ Սյունիքի մարզի Տեղ համայնքի անչափահաս բնակիչները, ովքեր մոլորվել էին, հայտնաբերվել են և այժմ գտնվում են Հայաստանի Հանրապետությունում: