Արմինֆո. Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը շտապեց հերքել ավտոկայանատեղերի վճարի չեղարկման մասին լուրերը: Մինչդեռ մայրաքաղաքի վարչակազմի ընդդիմախոսները հայտնել են "կարմիր գծի" գների բարձրացումը չեղյալ ճանաչելու մասին ՝ հիմնվելով դատարանի որոշման վրա:
«Մայր Հայաստան» խմբակցության ավագանու որոշ ներկայացուցիչներ, ինչպես նաև որոշ լրատվամիջոցներ, հանդես են եկել հայտարարություններով և հրապարակումներով, որոնք կարող են քաղաքացիներին մոլորության մեջ գցել՝ տպավորություն ստեղծելով, թե քաղաքում վճարովի կայանատեղիների գործող կարգը այլևս ուժը կորցրել է և կարելի կայանման համար չվճարել։Տեղեկացնում եմ, որ նշված ինֆորմացիան իրականությանը չի համապատասխանում և գործող կարգը շարունակում է ուժի մեջ մնալ», - գրել է Հայկ Կոստանյանը՝ «Ֆեյսբուքի» իր էջում։
Այսօր ավելի վաղ Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արմենակ Դանիելյանը սոցցանցում հաղորդել էր, որ դատարանը կասեցրել է Երևանում կարմիր և կապույտ կետագծերում ավտոմեքենաների կայանման վճարների թանկացման որոշումը:
Նա նշել էր, որ Հայաստանի Հանրապետության Վարչական Դատարանը, 5 դատավորների կոլեգիալ որոշմամբ, բավարարել է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության դիմումը Երևանի ավագանու 24.12.2024թ. 265-Ն որոշման դեմ, որը սահմանում էր Երևան համայնքում տեղական վճարների 2025թ. դրույքաչափերը։
«Այլ կերպ ասած` Դատարանը կասեցրել է Երևանում Ա և Բ գոտիներում կամ Կենտրոն և Արաբկիր վարչական շրջաններում կարմիր և կապույտ կետագծերում ավտոմեքենաների կայանման վճարների թանկացման որոշումը։ Շնորհավորում եմ վեր ընշված ավտոկայանատեղերից օգտվող բոլոր վարորդներին։
Ինչ պետք է անել այսօրվանից. Քանի որ 2025թ. ֊ի համար ընդունված որոշումը դատարանի կողմից ճանաչվել է ոչ իրավաչափ և քանի դեռ Երևանի ավագանին չի ընդունել ավտոկայանատեղիներում կայանման համար սակագնի մասին նոր որոշում, դուք կարող եք կայանել ձեր մեքենան Ա և Բ գոտիներում ԱՆՎՃԱՐ և չգնել ոչ մի փաթեթ` ժամայինից մինչև տարեկան»,- գրել է ավագանու անդամը։
Իրավաբան Վահե գրիգորյանն, իր հերթին, հաղորդել էր, որ «կարմիր գծերի» թանկացումներն անվավեր ճանաչելու մասին դատական ակտերը պարտադիր են հրապարակման պահից, իսկ անվավեր ճանաչված նորմատիվ իրավական ակտն իրավաբանական ուժը կորցրել է այն (թանկացումը) անվավեր ճանաչելու մասին Վարչական դատարանի դատական ակտի պաշտոնական հրապարակման պահից։ «Պարզ ասած՝ այժմ բոլոր այն վայրերում, ուր կարմիր և կապույտ գծանշումներով ավտոկայանատեղիներ են, կայանումն անվճար պիտի լինի օրենքի ուժով», - նշել էր իրավաբանը՝ «Ֆեյսբուքի» իր էջում։
Նշենք, որ 2024 թվականի հունվարի 1-ից քաղաքացիները մայրաքաղաքի կենտրոնում (Երևանի "Ա" գոտում) "կարմիր գծերի" վրա կայանելու համար տարեկան վճարում են 160 հազար դրամ (մոտ 400 դոլար) ։ "Բ" գոտում կայանման վճարը կազմում է տարեկան 24 հազար դրամ: Մինչ այդ վճարը, անկախ գտնվելու վայրից, կազմում էր 12 հազար դրամ։