Արմինֆո.Լատվիայի Սեյմի պատգամավորները հերքել են հայ ռազմագերիների վերաբերյալ ադրբեջանական ԶԼՄ-ների տարածած տեղեկատվությունը: Այդ մասին ասվում է ԱԺ անկուսակցական պատգամավոր, Հայաստան–Լատվիա բարեկամության խորհրդարանական խմբի անդամ Թագուհի Թովմասյանի՝ ԱրմԻնֆո-ին տրամադրված հաղորդագրությունում:
Պատգամավորը հիշեցրել է, որ 2025 թվականի մարտի 6-ին ադրբեջանական մի շարք լրատվամիջոցներ տեղեկություններ էին տարածել այն մասին, թե, իբր, Լատվիայի Հանրապետության Սեյմի մի շարք պատգամավորներ փետրվարին հանդես են եկել հայտարարությամբ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևանքով գերեվարված անձանց, ռազմաքաղաքական գերիների, այդ թվում՝ ՀՀ քաղաքացի, գործարար, Արցախի նախկին պետական նախարար Ռուբեն Վարդանյանի վերաբերյալ։
Ըստ այդ աղբյուրների՝ լատվիացի պատգամավորները Վարդանյանին ներկայացրել են որպես «միջազգային վտանգ», «Պուտինի հովանավոր» և պահանջել խիստ պատիժ՝ ընդգծելով իբր «միջազգային հանրության դատապարտումը»։
Քանի որ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը որևէ պաշտոնական արձագանքով հանդես չէր եկել այդ առիթով, իսկ թեման չափազանց կարևոր է՝ հատկապես ռազմագերիների հարցում, Թագուհի Թովմասյանը՝ որպես ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր և Հայաստան–Լատվիա խորհրդարանական բարեկամության խմբի անդամ, որոշել է անձամբ պարզել ներկայացված տեղեկության իսկությունը։
«Դիմելով Լատվիայի Սեյմի մի շարք պատգամավորների, որոնց անունները ներկայացված էին ցանկում՝ ստացա միանշանակ պատասխաններ, որոնք հստակ հերքում են ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված տեղեկությունները։
Լատվիայի Սեյմի պատգամավոր Էդգարս Տավարսը ի պատասխան իմ գրավոր նամակի, տեղեկացրեց, որ նման հայտարարության կամ փաստաթղթի առկայությունը բացակայում է։
Իսկ Լատվիայի Սեյմի Հայաստանի հետ համագործակցության խթանման պատգամավորների խմբի ղեկավար Գունարս Կուտրիսը պաշտոնապես նշեց․«Տեղեկացնում եմ, որ նման ստորագրություններ և նամակ չեն արվել և կեղծիք են, որի վերաբերյալ հետաքննություն է սկսվել։ Իմ և Հայաստանի խորհրդարանի հետ համագործակցության խթանման պատգամավորների խմբի անունից արտահայտում եմ ափսոսանք նման իրավիճակի համար»։
Ստացված պաշտոնական պարզաբանումները վերահաստատում են, որ այսպես կոչված «հայտարարությունը» իրականում գոյություն չունի, այն կեղծ տեղեկություն է՝ ադրբեջանական կողմի կողմից տարածված:
Հատկանշական է, որ նշյալ հայտարարությունը վերաբերել է ոչ միայն Վարդանյանին, այլև մի շարք հայ ռազմագերիների, որոնց ազատությունը և իրավունքների պաշտպանությունը մեր պետության սահմանադրական բարձրագույն պարտականություններից է։ Ցավով պետք է արձանագրել, որ ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունը ոչ միայն չարձագանքեց այս կեղծ տեղեկատվությանը, այլև չձեռնարկեց անհրաժեշտ քայլեր՝ ճշմարտությունը ներկայացնելու և պետական արժանապատվությունը պաշտպանելու համար։
Ռազմագերիների հարցը չպետք է լքվի արտաքին քաղաքական օրակարգից։ Եվ հենց այդ բացը լրացնելու նպատակով եմ ձեռնարկել այս կապն ու պարզաբանումները՝ գործելով բացառապես սեփական նախաձեռնությամբ։
Այս փաստը ևս մեկ անգամ ցույց է տալիս, թե ինչպես է Ադրբեջանը շարունակում կիրառել ապատեղեկատվությունն ու կեղծ միջազգային ռեակցիաների «սիմուլյացիան»՝ միջազգային հանրությանը մոլորեցնելու և իր ռազմաքաղաքական օրակարգը պարտադրելու նպատակով։
Եվ թե ինչպես է Նիկոլ Փաշինյանի իշխանությունը արտաքին քաղաքական օրակարգից փաստացի հանել հայ գերիների հարցը: Երեկ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտեց, որ COP29-ի շրջանում է (մեկ տարի առաջ) քննարկվել գերիների հարցը՝ անպտուղ», - գրել է Թագուհի Թովմասյանը: