Արմինֆո. Մի խումբ արեւմտամետներ հունիսի 6-ին կրկին պիկետ էին կազմակերպել Հայաստանի խորհրդարանի շենքի մոտ' Ռուսաստանի Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի Ազգային ժողով այցի կապակցությամբ, ով Երեւանում է պաշտոնական այցով:
Բողոքի ակցիայի ընթացքում իր ռուսատյաց դիրքորոշմամբ հայտնի, ԱԺ նախկին պատգամավոր, "Հանուն հանրապետության" կուսակցության առաջնորդ Արման Բաբաջանյանը վանկարկել է "Ռուսաստան, հեռացիր Հայաստանից" կարգախոսը: Նա ընդգծել է, որ պիկետի նպատակն է ցույց տալ, որ Հայաստանն այլևս Ռուսաստանին չի դիտարկում որպես իր դաշնակից, քանի որ նա հիբրիդային պատերազմ է վարում Հայաստանի դեմ:
Հայաստանի եվրոպական կուսակցության առաջնորդ Տիգրան Խզմալյանն, իր հերթին, հավելել է, որ պիկետը կազմակերպվել է ոչ միայն Մատվիենկոյի ժամանման կապակցությամբ դժգոհություն հայտնելու համար, այլ նաև կոչ անելու Հայաստանի կառավարությանը և Ազգային ժողովին՝ կողմնորոշվել իրենց վարած քաղաքականության հարցում: Նա հիշեցրել է, որ խորհրդարանը 64 օր առաջ օրենք է ընդունել Եվրամիությանն անդամակցելու մասին, սակայն մինչ օրս ոչ մի հայտ չի ներկայացվել: Խզմալյանն ընդգծել է, որ "երկու աթոռի վրա նստելու" փորձը հնարավոր չէ, քանի որ դա չի ընդունվում ոչ Ռուսաստանի, ոչ Եվրոպայի կողմից:
Հատկանշական է, որ պիկետի ընթացքում Հայաստանի խորհրդարանի մոտ են ժամանել մի խումբ քաղաքացիներ, որոնք աջակցում են Ռուսաստանի հետ ինտեգրմանը և հանդես են գալիս ի պաշտպանություն Ռուսաստանի հետ Հայաստանի դաշինքի: Ցուցարարների միջև բախում է տեղի ունեցել, նրանք սկսել են վիրավորել միմյանց, բախումը կանխելու համար միջամտել է Ոստիկանությունը։ Մի խումբ ռուսամետ քաղաքացիներ համոզմունք են հայտնել, որ "եթե Հայաստանը որպես դաշնակից ճիշտ գործեր, ապա ռուսական իշխանությունների գործողություններն այլ կլինեին":
Հիշեցնենք, որ մայիսի 21-ին ևս մի խումբ ռուսատյաց քաղաքական գործիչներ համանման պիկետ էին կազմակերպել Հայաստանի ԱԳՆ շենքի դիմաց, որտեղ այդ ժամանակ ընթանում էր Հայաստանի և Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ Արարատ Միրզոյանի և Սերգեյ Լավրովի հանդիպումը։