Արմինֆո. ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովի (USCIRF) կազմակերպած «Կրոնական ազատության պայմաններն Ադրբեջանում» թեմայով լսումների առանցքային թեմաներից մեկը եղել է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ղեկավարության կողմից հայկական կրոնական ժառանգության ոչնչացման ու յուրացման հարցը։
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդել են «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամից, հանձնաժողովի ղեկավար Սթիվեն Շնեքը նշել է, որ Ադրբեջանում իրավիճակը շարունակում է շատ մտահոգիչ մնալ, և 2023 թվականի համեմատ՝ շատ խնդիրներ դեռևս շարունակում են մնալ չլուծված, կրոնական օրենքները խիստ սահմանափակող են, բյուրոկրատական բարդություններ են ստեղծում կրոնական կառույցների գրանցման ու հետագա գործունեության համար։ Շնեքի խոսքով՝ անգամ այն կառույցները, որոնք գրանցված են, կարող են սահմանափակ գործունեություն ծավալել, և Ադրբեջանի կառավարությունը մշտապես հետևում է դրանց։ Ավելին՝ կառավարությունն ավելի է խստացրել վերահսկողությունը կրոնական կազմակերպությունների նկատմամբ։
Անդրադառնալով Արցախում տեղի ունեցածին՝ Շնեքը նշել է, որ Լեռնային Ղարաբաղում և հարակից շրջաններում հայկական կրոնական բազմաթիվ կառույցներ ոչնչացվել կամ փոխանցվել են դավանական այլ ուղղությունների։ Նա ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին կոչ է արել Ադրբեջանը պահել հատուկ դիտարկման ցուցակում։
«Forum 18» լրատվական ծառայության խմբագիր Ֆելիքս Քորլին ընդգծել է, որ Ադրբեջանն ավտորիտար պետություն է, և կառավարությունը վերահսկում է բոլոր կառույցները, այդ թվում՝ կրոնական։
Քորլին ընդգծել է, որ պատերազմի ժամանակ հայերի նկատմամբ դաժան վերաբերմունք է ցուցաբերվել նաև կրոնական հողի վրա։ Ինչ վերաբերում է իրենց տներ հայերի վերադարձի հարցին՝ Քորլին կարծում է, որ Ալիևի վարչակարգը թույլ չի տա հայերին վերադառնալ, իսկ հայկական կրոնական ժառանգությանը դժվար ապագա է սպասվում։
«Caucasus Heritage Watch»-ի առաջատար հետազոտող Հուսիկ Ղուլյանը նշել է, որ արբանյակային լուսանկարների շնորհիվ պարզ է դարձել, որ Ադրբեջանը թիրախավորել է հայկական պատմական հարյուրավոր վայրեր։ Ղուլյանը հիշեցրել է, որ դեռ տարիներ առաջ Ադրբեջանը ոչնչացրել է Նախիջևանի հայկական ժառանգությունը։ Ադրբեջանը ոչ միայն հերքում, այլև ասում է, որ Նախիջևանում հայեր չեն ապրել։ Հուսիկ Ղուլյանի խոսքով՝ Ղարաբաղի հայկական մշակույթն ու կրոնական վայրերը ոչնչացման վտանգի տակ են։ Մինչ այժմ «Caucasus Heritage Watch»-ը արբանյակային 12 դիտարկումներ է իրականացրել՝ ընդգրկելով հարյուրավոր վայրեր։ Արձանագրվել է, որ Ադրբեջանը հայկական կրոնական ու մշակութային ժառանգության 14 վայր արդեն ոչնչացրել է, այդ թվում՝ եկեղեցիներ ու գերեզմանատներ, իսկ բազմաթիվ այլ վայրեր ոչնչացման վտանգի տակ են։ Ղուլյանը հիշեցրել է, որ Ադրբեջանը նաև մշակութային յուրացում է կատարում, կրոնական վայրերը հռչակում է աղվանական և դա օգտագործում՝ կրոնական կառույցների վրայից հայկական գրությունները ջնջելու համար։ Հետազոտողի խոսքով՝ ԱՄՆ կառավարությունը մոնիտորինգային ծրագիր պետք է իրականացնի, քանի որ հայկական ժառանգության պահպանումը հրամայական է նաև մարդու իրավունքների պաշտպանության առումով։
Հանձնաժողովի ներկայացուցիչ Վիկի Հարցլերն ընդգծել է, որ ԱՄՆ պետք է պատժամիջոցներ կիրառի, քանի դեռ Ադրբեջանը չի փոխել իր վարած քաղաքականությունը։