Արմինֆո. Իր ստեղծման օրվանից՝ 2024 թվականի դեկտեմբերի 5-ից ի վեր բռնագանձված միջոցների միասնական հաշվին մուտքագրվել է 16 մլրդ 953 մլն 382 հազար դրամ, որը համարժեք է 44 մլն 177 հազար ԱՄՆ դոլարին: Այդ մասին հունիսի 5-ին կառավարության հերթական նիստում հաղորդել է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։
Հիշեցնեմ, որ կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 5-ի որոշմամբ քրեական դատավարությունում պետությանը, համայնքին, պետական կամ համայնքային մասնակցությամբ կազմակերպություններին, պետական կամ համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին պատճառված վնասի վերականգնման նպատակով միջոցները մուտքագրվում են գանձված միջոցների ՝ Ֆինանսների նախարարության կողմից կառավարվող միասնական հաշվին:
Գլխավոր դատախազի խոսքով՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործառույթի շրջանակներում 2021 թվականից առ այսօր Հակակոռուպցիոն դատարանի վարույթում է գտնվում 152 գործ: Հայցերով արգելանք է դրվել շուրջ 1500 անշարժ գույքի օբյեկտների, 290 շարժական գույքի, իրավաբանական անձանց մասնակցության 400 իրավունքի և 540 մլրդ դրամի վրա: Կալանքի ենթարկված գույքի և իրավաբանական անձանց մասնակցության արժեքը դեռևս գնահատված չէ:
152 հայցով հայցի ընդհանուր արժեքը գերազանցում է շուրջ 600 մլրդ դրամը: 5 հայցով կայացվել են դատական ակտեր, որոնք դեռևս օրինական ուժի մեջ չեն մտել և բողոքարկվել են ինչպես Գլխավոր դատախազության, այնպես էլ պատասխանողների կողմից:
Վարդապետյանը նաև նշել է, որ 2023-2024 թվականների ընթացքում Գլխավոր դատախազությունը ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործառույթի շրջանակներում կնքել է 8 հաշտության համաձայնագիր, որոնցով Հայաստանի Հանրապետությանը փոխանցվել է անշարժ գույքի 7 օբյեկտ, 2 շարժական գույք, 2025 թվականի հունիսի 3-ի դրությամբ՝ 815 միլիոն 200 հազար դրամ և 50 հազար 720 եվրո: Անշարժ գույքի շուկայական արժեքը գերազանցում է 4 միլիարդ 200 միլիոն դրամը:
2018-2024 թվականների ընթացքում շարունակվող և ավարտված քրեական վարույթների (նախաքննության փուլ), դատարաններում ավարտված քրեական գործերի, պետական և հանրային շահերի պաշտպանության հայցերի և համաձայնագրերի, Զինդատախազության կողմից կիրառվող դատախազական ներգործության միջոցների, ինչպես նաև 2023 թվականից ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործիքակազմի կիրառման արդյունքում Հայաստանի Հանրապետությանը վերադարձվել է շուրջ 210 մլրդ 79 մլն դրամ (536 մլն 216 հազար ԱՄՆ դոլար) գույք և դրամական միջոցներ, որից 46% - ը կամ 96 մլրդ 934 մլն դրամի (247 մլն 773 հազ. ԱՄՆ դոլար) գույք և դրամական միջոցներ: