Արմինֆո. Անխոս, Փաշինյանը կործանարար գործունեությամբ է զբաղվում ։ Այդ մասին ասվում է "Հայաքվե" քաղաքացիական նախաձեռնության հայտարարության մեջ՝ ՀԱԵ և նրա առաջնորդ Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսի դեմ իշխանությունների կողմից նոր հարձակումների առնչությամբ:
Ինչպես նշվում է նախաձեռնության Telegram ալիքում հրապարակված գրառման մեջ, Փաշինյանը հասկանում է, որ առաջիկայում ընտրություններ են, իսկ իր վարկանիշն ընկած է, այդ պատճառով էլ հարկավոր է կրկին դիրքավորվել որպես իբրև թե ժողովրդի ներկայացուցիչ, պայքարող կերպար։ «Դրա համար նրան նոր թիրախ է հարկավոր, և այժմ այդ թիրախը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին է։ Փաշինյանի թիրախում հայտնված այլ անձանց մասին արդեն ամեն ինչ ասվել է, ոմանք հավատացել են, ոմանք՝ ոչ։ Հիմա նրան նոր հիմնահարց ու կոնֆլիկտի նոր օբյեկտ է պետք։ Հայաստանյայց Առաքելական եկեղեցուն է թիրախավորել, որպեսզի սուր կոնֆլիկտ ընթանա, նոր հարցեր առաջանան, դրանք սկսեն քննարկվել, և ՀՀ այն քաղաքացիներին, որոնք Հայաստանյայց Առաքելական եկեղեցու հետևորդներ չեն, կամ նրանց, ովքեր օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով որոշ հոգևորականների գործունեությունից դժգոհ են կամ հիասթափված, կամ խորությամբ չեն ընկալում Հայ Առաքելական եկեղեցու դերն ու առաքելությունը, բերի իր դաշտ և ընտրության առաջ կանգնեցնի։ Անխոս, Փաշինյանը կործանարար գործունեությամբ է զբաղվում»,-նշվում է նախաձեռնության հայտարարությունում։
Արդեն մեկ շաբաթ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակավ հարց է բարձրացնում, թե արդյոք Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն հավատարիմ է կուսակրոնության ուխտին։ Այսօր ֆեյսբուքյան իր պաշտոնական էջում Փաշինյանը գրել է. <Իմ ընկալմամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսը անքննելի հեղինակություն է, արդարության անսասան պաշտպան, ճշմարտության անառարկելի աղբյուր։ Չեմ կարող հավատալ, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսը կարող է ճշմարտություն կոծկողի դերում լինել, չեմ կարող հավատալ, թե Ամենայն Հայոց Կաթողիկոսի բերանից կարող է հնչել այլ բան, քան ճշմարտությունը։ Գարեգին Բ–ն ինքն անձամբ թող պարզաբանի․ արդյո՞ք խախտել է կուսակրոնության ուխտը եւ արդյո՞ք զավակ ունի։ Մենք՝ իր հոտը, իրավունք ունենք իրենից լսելու ճշմարտությունը>:
Հոգևորականների կուսակրոնության առնչվող "էպոպեան" սկսվել էր մայիսի 29-ին կառավարության նիստում Փաշինյանի այն հայտարարությունից հետո, թե հայկական բոլոր եկեղեցիները «չուլանացված են» և պահանջում են համապատասխան չափորոշիչների ներդրում, քանի որ "այդ օբյեկտների, հուշարձանների իրական սեփականատերը պետությունն է"։ Մայր աթոռից նրան պատասխանել էին՝ մատնանշելով նրա մոտ ներկայում "նորաձեւ" կրթության բացակայությունը (Փաշինյանն ու իր տիկինը քարոզարշավ են իրականացնում ՝ "կրթությունը նորաձեւ է" խորագրով - խմբ.), ինչպես նաև "հանրային ճիշտ հաղորդակցության և հարցերի խորը ըմբռնման ներքին ճգնաժամը"։
Հաջորդ օրը վաղ առավոտյան վարչապետը ֆեյսբուքյան իր պաշտոնական էջում հայհոյախառն վիրավորանք էր հրապարակել ՀԱԵ բարձրաստիճան հոգևորականների հասցեին: Որոշ ժամանակ անց նա ևս մեկ գրառում էր կատարել. <Պետք է մտածել, թե մեր եպիսկոպոսներից քանիսն են հավատարիմ կուսակրոնության ուխտին>: Օրվա վերջում Փաշինյանը հայտարարել էր, թե Հայաստանի Հանրապետության իշխանությունները պետք է "վճռական ձայն" ունենան Ամենայն հայոց վեհափառ հայրապետի և կաթողիկոսի ընտրության հարցում, իսկ կաթողիկոսի թեկնածուները պետք է անցնեն կենսագրական տվյալների ստուգում:
Եվ արդեն որերորդ օրն է՝ Փաշինյանը պահանջում է պարզաբանել, թե արդյոք Գարեգին Բ-ն խախտել է կուսակրոնության ուխտը, և արդյոք նա զավակ ունի: "Այս հարցը պետք է հրատապ կարգով հստակեցվի", - կարծում է կառավարության ղեկավարը, որը, կարծես թե, պետք է մտահոգված լիներ Սյունիքի ուղղությամբ ադրբեջանական զինուժի կրակոցներով, խաղաղության պայմանագրի շուրջ անորոշությամբ և Բաքվի նորանոր պահանջներով: