Արմինֆո.Հայաստանի և Ադրբեջանի անհետ կորած քաղաքացիների հարցերով զբաղվող հանձնաժողովների ներկայացուցիչները քննարկել են նրանց ճակատագրերը որոշելու նպատակով համապատասխան որոնողական աշխատանքների համատեղ իրականացման հնարավորությունները: Այդ մասին հունիսի 4-ին լրագրողներին հայտարարել է ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը՝ մեկնաբանելով հանձնաժողովների ներկայացուցիչների հանդիպման արդյունքները։
ԱԱԾ տնօրենի խոսքով՝ սա արդեն երկրորդ հանդիպումն էր։ Նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել այն մասին, որ անհետ կորածների որոնման ուղղությամբ տարվող աշխատանքները կրելու են հետեւողական բնույթ: "Ես անձամբ դրական եմ գնահատում այդ հանդիպումը", - հայտարարել է ԱԱԾ ղեկավարը, հավելելով, որ առայժմ չի կարող ասել, թե հայկական որոնողական խմբերը երբ կմտնեն Ադրբեջանի տարածք ՝ համատեղ որոնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով:
Հարցին, թե արդյոք քննարկվել է հայ ռազմագերիների թեման, Աբազյանը պատասխանել է, որ այդ խնդիրը մտահոգում է բոլորին: "Մենք բոլորից շատ ենք շահագրգռված, որ մեր քաղաքացիները հնարավորինս շուտ վերադառնան։ Հիմա չեմ կարող ասել՝ արդյունքը կլինի վաղը, թե հինգ օրից, մեկ ամսից, թե մեկ տարուց, բայց ուզում եմ վստահեցնել, որ մեր կողմից արվում է հնարավորը դրական արդյունք ստանալու համար", - ասել է Արմեն Աբազյանը։
Այսօր ավելի վաղ ԱԱԾ-ը հաղորդագրություն էր տարածել, որի համաձայն, տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովների ներկայացուցիչների հանդիպում։ Քննարկման ընթացքում կողմերն անդրադարձել են հակամարտության ընթացքում անհայտ կորած անձանց ճակատագրի պարզաբանմանն առնչվող հումանիտար հարցերին։ Հանդիպման շրջանակում դիտարկվել են տեղեկատվության փոխանակման, ինչպես նաև որոնողական աշխատանքների կազմակերպման և համակարգման հնարավորությունները։ Կողմերը շեշտել են հումանիտար ոլորտում շարունակական երկխոսության կարևորությունը և վերահաստատել իրենց պատրաստակամությունը՝ շարունակելու շփումները՝ ի շահ անհայտ կորած անձանց ընտանիքների։
Հիշեցնենք, որ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը Հայաստանում գլխավորում է Գերիների, պատանդների և անհետ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովը: Ավելի վաղ հաղորդվել էր, որ 1992-2023 թվականներին անհետ կորած հայերի թիվը կազմում է 1016 մարդ