Արմինֆո.Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցաքննվել է երեք տարբեր քրեական վարույթներով: Այդ մասին հունիսի 4-ին հայտարարել է նրա փաստաբան Ռոման Երիցյանը՝ ՀՀ քննչական կոմիտեում Շահրամանյանի հարցաքննությունից հետո լրագրողների հետ զրույցում։
Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, Սամվել Շահրամանյանը հարցաքննվել է դեռևս 2023 թվականին "զինծառայողի պաշտոնեական անփութություն" և "հակառակորդին պատերազմ վարելու միջոցներ հանձնելը կամ թողնելը" հոդվածներով հարուցված քրեական գործի շրջանակներում: Գործը հարուցվել է Հանրային հեռուստատեսության եթերում Սամվել Բաբայանի հայտարարությունների հիման վրա: Շահրամանյանը սույն գործի շրջանակներում ունի վկայի դատավարական կարգավիճակ: Վերջին 2 շաբաթվա ընթացքում Շահրամանյանը հարցաքննվել է 4 անգամ, հաջորդ հարցաքննությունը նշանակվել է հունիսի 6-ին:
Հարցին, թե ինչու հենց հիմա է հարցաքննվել Շահրամանյանը՝ վարույթի հարուցումից 2 տարի անց, փաստաբանը պատասխանել է, որ այդ հարցով պետք է դիմել քննիչին: Նրա կարծիքով՝ հնարավոր է, դա պայմանավորված է ավելի շատ տեղեկություններ հավաքելու և դրանից հետո իր պաշտպանյալի հարցաքննությունը սկսելու ցանկությամբ:
Կաշկանդված լինելով նախաքննությամբ՝ Ռոման Երիցյանը քրեական վարույթի այլ մանրամասներ չի ներկայացրել: Սակայն այս փուլում, ըստ նրա, Սամվել Շահրամանյանի ինտենսիվ հարցաքննություններում քաղաքական ենթատեքստ չկա:
Ավելի վաղ "Ժողովուրդ" օրաթերթը հաղորդել էր, որ նույն վարույթի շրջանակներում հարցաքննվել են Արցախի Պաշտպանության բանակի գնդապետ, <Եղնիկներ> զորամասի հրամանատար, Արցախի հերոս Կարեն Ջալավյանը՝ «Քյոխը», ինչպես նաև պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը: