


Հայաստանը հանդես է գալիս Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման օգտին: Այդ մասին հայտարարել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովում (ՀԱՊԿ ԽՎ) ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը` Սանկտ Պետերբուրգի Տավրիդյան պալատի ՀՀ ԱԺ ներկայացուցչությունում ՀԱՊԿ ԽՎ պատասխանատու քարտուղար Պյոտր Ռյաբուխինի հետ հանդիպման ժամանակ, որին ներկա է եղել նաեւ ԱՊՀ ՄԽՎ-ում ՀՀ ԱԺ ներկայացուցիչ Հայկ Չիլինգարյանը:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին Հայաստանի խորհրդարանի մամուլի ծառայությունից, ԱԺ փոխնախագահն իր մտահոգությունն է հայտնել առ այն, որ անցյալ ամիս Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով եւ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում արձանագրվել է լարվածության աճի միտում: ՀԱՊԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավարն արձանագրել է, որ Ադրբեջանի սադրիչ քաղաքականությունը կարող է լուրջ վնաս հասցնել բանակցային գործընթացին: ԱԺ փոխնախագահը կարեւորել է ՀԱՊԿ ԽՎ գործընկերների կողմից Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշման դատապարտումը: Զրուցակիցներն անընդունելի են համարել հակամարտությունների լուծման ուժային մեթոդները:
ԱԺ փոխնախագահը նաև նշել է, որ Հայաստանը, որպես ՀԱՊԿ-ում նախագահող երկիր, պատրաստ է սերտորեն համագործակցել գործընկերների հետ՝ ի նպաստ Հավաքական անվտանգության մասին պայմանագրի դրույթների ապահովման: Հանդիպման ավարտին Էդուարդ Շարմազանովն առաջարկել է գալիք տարվա գարնանը ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարների համատեղ նիստն անցկացնել Երեւանում:


