Արմինֆո. Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանն ընդդիմադիր ուժերին է մեղադրել խոստացված 45 նոր տրոլեյբուսներից 30-ը ձեռք բերելու քաղաքապետարանի անկարողության համար: Այդ մասին նա հայտարարել Է հունիսի 3-ին Երեւանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։
Կոստանյանը պարզաբանել է, որ նոր տոմսային համակարգի ներդրումից հետո քաղաքապետարանը խնդրի առաջ է կանգնել. քաղաքացիները սկսել են խուսափել ուղեվարձի վճարումից, տեղի տալով ընդդիմադիր գործիչների կոչերին՝ սակագնի բարձրացման առնչությամբ: Արդյունքում, նրա ասելով, հավաքագրվել է ընդամենը 6 միլիարդ 30 միլիոն դրամ:
"Դա հանգեցրել է այն բանին, որ խոստացված 45 նոր տրոլեյբուսներից 30-ը չենք կարող ձեռք բերել։ Ավելին, կա հավանականություն, որ մնացած 15 տրոլեյբուսներն էլ հնարավոր չի լինի գնել, ինչը մեր ընդդիմադիր գործընկերների համար հերթական առիթը կլինի՝ մեզ մեղադրելու խոստումները չկատարելու համար։ Ուզում եմ ընդգծել, որ սա հենց այն հայտարարությունների հետևանքն է, երբ մարդկանց հորդորում էին չվճարել", - նշել է Կոստանյանը։
Մինչդեռ, նա վստահեցրել է, որ Երևանի քաղաքապետարանի նախաձեռնած հասարակական տրանսպորտի ցանկացած փոփոխություն միտված է լրացուցիչ միջոցների հաշվին տրանսպորտային ցանցի բարելավմանը: Սակայն, ինչպես ընդգծել է Կոստանյանը, ուղեվարձի չվճարումները ստեղծել են բյուջեին առնչվող որոշակի խնդիրներ: Ընդ որում, նա հստակեցրել է, որ քաղաքապետարանը մտադիր չէ զոհաբերել այլ բնագավառների ֆինանսավորումը հանուն հասարակական տրանսպորտի բարելավման։ Այդ առումով Կոստանյանը հիշեցրել է ուղեվարձը չվճարողների համար տուգանքներ սահմանելու առաջարկի մասին, նշելով, որ այդ առաջարկը մնում է քաղաքապետարանի օրակարգում, սակայն լուծում է պահանջում Ազգային ժողովի կողմից:
Անդրադառնալով "կարմիր գծերի" (փողոցներում վճարովի կայանատեղերի) վերաբերյալ դատարանի որոշման առնչությամբ Երևանի քաղաքապետարանի կողմից բողոք ներկայացնելու մտադրությանը՝ մամուլի քարտուղարը դժգոհել է, որ անձնական տրանսպորտից փողոցների բեռնաթափումը տեղի չի ունեցել հենց կայանատեղիների սակագների ոչ բավարար բարձրացման պատճառով: "Մեծ մասը հիմա բողոքում է հենց կայանատեղիների գների բարձրացումից, այլ ոչ թե այն բանից, փողոցները բեռնաթափվել են, թե՝ ոչ", - լղոզված մեկնաբանել է Կոստանյանը:
Ընդ որում, քաղաքապետարանի մամուլի քարտուղարը հավաստիացրել է, որ "կարմիր գծերը" ներդրվել են կենտրոնական փողոցները բեռնաթափելու եւ մի շարք փոփոխություններ իրականացնելու համար, այդ թվում՝ նաեւ հասարակական տրանսպորտի համակարգում: "Կարծում եմ, որ թեև քաղաքապետարանի աշխատանքը դեռևս ակնհայտ չէ, ես վստահ եմ, որ առանձին ավտոբուսային գծերի ավելացմամբ բոլորը կհամոզվեն, որ այդ փոփոխությունների անհրաժեշտությունը կա", - եզրափակել է Կոստանյանը:
Հիշեցնենք, որ Երեւանի վարչական դատարանը մայիսի 23-ին վճռել էր, որ Երեւանի քաղաքապետարանը որեւէ կերպ չի ապացուցել, որ "կարմիր գծերի" համար քաղաքում սահմանված վճարի բարձրացումը կապված է մատուցվող ծառայությունների որակի բարելավման հետ: Ավելին, դատարանը ոչ իրավաչափ է համարել այն, որ քաղաքապետարանն իր որոշումը պայմանավորել է ճանապարհները բեռնաթափելու մտադրությամբ: Այդ առնչությամբ Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը հայտարարել է, որ քաղաքապետարանը բողոքարկելու է Վարչական դատարանի որոշումը ՝ "կարմիր գծերի" սակագների բարձրացման վերաբերյալ Երևանի քաղաքապետարանի որոշման որոշ դրույթներ անվավեր ճանաչելու մասին: