Արմինֆո. Այս նոր աննորմալ վիճակում ավելի քան երբեք կարևոր են ճիշտ հարցադրումները։ Պետք է ճիշտ դնել հարցը, որպեսզի պատասխաններ հնարավոր լինի գտնել։ Նման կարծիք է հայտնել քաղաքագետ, "Այլընտրանքային նախագծեր" խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը։
«Ինչ պիտի անի եկեղեցին» հարցադրումը իմ խորին համոզմամբ ոչ ճիշտ հարց է։ Իսկ ի՞նչ ենք մենք ակնկալում եկեղեցուց։ Ճիշտ հարցադրումը այլ է . « Ի՞նչ պիտի անեն աշխարհիկ կառույցները»։
Առաջինի դեպքում՝ մենք բոլորս մեզ դնում ենք դիտորդի տեղ։ Երկրորդի դեպքում՝ դառնում ենք ակտիվ մասնակից։ Քաղաքացին հենց դառնա կողմ, ակտիվ մասնակից՝ թեման կփակվի։
Աշխարհիկ կառույցները պարտավոր են.
1. Զգալ պատասխանատվություն
2. Ձևակերպել իրենց անելիքները
3. Կոորդինացնել քայլերը։
Եթե աշխարհիկ կառույցները մնան դիտորդ կամ սպասեն միայն եկեղեցու քայլերին, ապա իշխանությունը հայտնվելու է շահեկան վիճակում, որովհետև առանց կարմիր գիծ վարկաբեկիչ արշավ է տանելու և իշխանական լծակներով փորձելու է առաջ տանել իր պլանը՝ ասենք պառակտել եկեղեցին, կամ ստեղծել նոր թեմեր, և այլն և այլն։ Այլանդակության բազմաթիվ տարբերակներ կան։
Սա եկեղեցու խնդիրը չէ, սա եկեղեցու ռեֆորմների խնդիրը չէ, որ ուզում են փաթեթավորել։ Սա Հայաստանի խնդիրն է, սա հայ ժողովրդի խնդիրն է, հետևաբար ռեակցիան և իշխանության հարձակումների պատասխաները պետք է գա աշխարհիկ կառույցներից. Քաղաքական, հասարակական, կրթական, մշակութային, մարզական, բիզնես և այլն, ու նաև անհատական մակարդակով. Այդ թվում սփյուռքի հեղինակավոր կառույցներից և անհատներից։ Սա է ճիշտ մոտեցումը։ Բայց սա լուրջ աշխատանք է պահանջում, լուրջ համակարգում», - գրել է Վահե Հովհաննիսյանը՝ «Ֆեյսբուքի» իր էջում։
Հիշեցնենք, որ մայիսի 29-ին Կառավարության նիստում Փաշինյանը հայտարարել էր, որ հայկական եկեղեցիները "չուլանացված են"։ Հաջորդ օրը նա կտրուկ գրառում էր կատարել սոցցանցերում, որում կոպիտ բառապաշար է օգտագործել Հայաստանյաց Առաքելական Եկեղեցու հոգևորականների հասցեին և արքեպիսկոպոսներից մեկին մեղադրել սեռական անառակության մեջ։ Վարչապետը պահանջել էր, որ կուսակրոնության ուխտը խախտած բոլոր քահանաները զրկվեն հոգևոր կարգից։ Համանման հարձակումներով էր հանդես եկել նաև վարչապետի տիկին Աննա Հակոբյանը։ Այդ հայտարարությունները խիստ արձագանք էին գտել հոգևորականության շրջանում։ Սկանդալի ֆոնին վարչապետն առաջարկել էր փոխել ՀԱԵ ղեկավարի ընտրության կարգը, որպեսզի պետությունը որոշիչ ձայն ունենա ընտրություններում, իսկ թեկնածուները անցնեն էթիկայի ստուգում: