Արմինֆո. Ադրբեջանական մամուլը Մայր Աթոռի դեմ փաշինյանական հարձակումների մասին անդադար գրում է: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ Ազգային ժողովի ընդդիմադիր "Պատիվ ունեմ" խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
«Մի կողմից ակնհայտ է, որ Ադրբեջանը խրախուսում ու քարոզչական սպասարկում է իրականացնում հայաստանյան կառավարչի համար, մյուս կողմից` բացահայտում իր ներքին վախերն ու անհանգստությունը Հայ Առաքելական Եկեղեցու դերի, ազդեցության և ազգային դիրորոշումների վերաբերյալ:
Բաքվից Էջմիածինը ներկայացվում է որպես ռևանշիզմի օջախ, ինչի տակ պետք է հասկանալ Եկեղեցու կողմից դրսևորած անհանդուրժողականությունը պաշտոնական Երևանի հանձնողական, պարտվողական և ուրացման քաղաքականությանը:
Ադրբեջանում էլ գիտակցում են, որ առանց Հայոց Եկեղեցուն խաղից դուրս բերելու Հայաստանին կենսունակությունից զրկել շատ բարդ կլինի և պետք է հիմնական դիմադրողականության կենտրոններից մեկն անընդհատ «կրակի տակ պահել»: Ու այս տեսանկյունից Երևանի ու Բաքվի բռնապետների միջև կոնսեսուս է ձևավորվել, ինչն էլ համատեղ ջանքերով առաջ են մղում», - ընդգծել է ընդդիմադիրը:
Հիշեցնենք, որ մայիսի 29-ին Կառավարության նիստում Փաշինյանը հայտարարել էր, որ հայկական եկեղեցիները "չուլանացված են"։ Հաջորդ օրը նա կտրուկ գրառում էր կատարել սոցցանցերում, որում կոպիտ բառապաշար է օգտագործել Հայաստանյաց Առաքելական Եկեղեցու հոգևորականների հասցեին և արքեպիսկոպոսներից մեկին մեղադրել սեռական անառակության մեջ։ Վարչապետը պահանջել էր, որ կուսակրոնության ուխտը խախտած բոլոր քահանաները զրկվեն հոգևոր կարգից։ Համանման հարձակումներով էր հանդես եկել նաև վարչապետի տիկին Աննա Հակոբյանը։ Այդ հայտարարությունները խիստ արձագանք էին գտել հոգևորականության շրջանում։ Սկանդալի ֆոնին վարչապետն առաջարկել էր փոխել ՀԱԵ ղեկավարի ընտրության կարգը, որպեսզի պետությունը որոշիչ ձայն ունենա ընտրություններում, իսկ թեկնածուները անցնեն էթիկայի ստուգում: