Արմինֆո. ԱրարատԲանկի աջակցությամբ «Արամ Խաչատրյան» համերգասրահը, մի շարք հասարակական կազմակերպությունների հետ համագործակցությամբ, համերգասրահի հարակից տարածքում կազմակերպել էր տոնական ժամանցային միջոցառում, որի ընթացքում դերասան-խաղավարների միջոցով երեխաների համար ջերմ միջավայր ստեղծվեց՝ ազգային, ինտերակտիվ խաղեր, կավճանկարչություն, հյուրասիրություն։
«Երեխաները ԱրարատԲանկի հոգածության տակ են ոչ միայն այսօր՝ հունիս 1-ին։ Բանկը ողջ տարի կարևոր ներդրումներ է իրականացրել հենց երեխաներին ուղղված կրթական և առողջապահական ծրագրերում, և այսօր պարզապես ուզում ենք տոն նվիրել երեխաներին, նրանց օրը լցնել ժպիտով և սիրով»,- նշեց ԱրարատԲանկի Հաղորդակցության և սոցիալական պատասխանատվության ծրագրերի համակարգման բաժնի ղեկավար Աննա Ալլահվերդյանը։
«Միջոցառումն իրականություն դարձավ ԱրարատԲանկի աջակցության շնորհիվ, ինչի համար շնորհակալ ենք։ Արդեն հինգերորդ տարին իրականացվող միջոցառմանն այս տարի մասնակցում են ինչպես խոցելի խմբերի, այնպես էլ Արցախից տեղահանված, զոհված զինծառայողների ընտանիքների շուրջ 200 երեխաներ Երևանից և մարզերից»,- ասաց «Արամ Խաչատրյան» համերգասրահի և Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի փոխտնօրեն Ալինա Ենգոյանը։
«Չափազանց կարևոր են մեզ համար այն համագործակցությունները, որոնք երեխաներին են ուղղված, որովհետև խոցելի խմբերի երեխաները պետք է լինեն յուրաքանչյուրիս ուշադրության կենտրոնում․ դա ոչ միայն բարի գործն է կամ կամավորականությունը, այլ նաև այն օրինակը, որ երեխաները պետք է կարողանան ճիշտ և հավասար իրավունքներով, հավասար հնարավորություններով կյանք ունենալ»,- կարևորեց «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ իրավապաշտպան Նարե Արամյանը։
Երեխաները բացօթյա միջոցառումից հետո մասնակցեցին Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի «ՄուլտՖԻԼ» խորագրով համերգին, որի ընթացքում մուլտֆիլմերի դիտումը զուգակցվեց Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ հնչող երաժշտությամբ։ Կատարվեցին հայտնի և սիրված ստեղծագործություններից հատվածներ՝ Չայկովսկու «Շչելկունչիկ» սյուիտից, Կլաուս Բադելտի «Կարիբյան ծովի ծովահենները» ֆիլմից, Հանս Ցիմմերի Փախուստ կենդանաբանական այգուց «Մադագասկար» և այլ ստեղծագործություններ։
«Եկեք միասին օրը դարձնենք հեքիաթ»․ ԱրարատԲանկի ուղերձն էր՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ, առջևում նոր ծրագրերն ու նախաձեռնություններն են՝ փոքրիկներին արժանավայել և բարեկեցիկ կյանք ապահովելու տեսլականով։