Արմինֆո. ԱՄՆ պետքարտուղարի միջազգային միջուկային քաղաքականության եւ համագործակցության հարցերով օգնականի տեղակալ Ալեշիա Դունկանը (Aleshia Duncan) այցով Հայաստանում է: Այդ մասին հաղորդել է Երևանում Միացյալ Նահանգների դեսպանատունը։
Դիվանագիտական գերատեսչությունը հաղորդագրությանը կից զետեղել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրից լուսանկարներ, որտեղ ամերիկյան պատվիրակությունը ծաղիկներ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանին:
Նշվում է, որ այցի շրջանակներում Դունկանը մի շարք հանդիպումներ կունենա էներգետիկ ոլորտում երկրների միջև համագործակցության ուղղություններով:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն ակտիվորեն առաջ է տանում Հայաստանում նոր ատոմային էներգաբլոկի կառուցման իր տարբերակները ։ Ուղիղ երկու տարի առաջ Եվրոպայի և Եվրասիայի ամերիկյան կառավարության աջակցության ծրագրերի համակարգող Մարիա Լոնգին հայտնել էր, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները դիտարկում է Հայաստանում փոքր մոդուլային միջուկային ռեակտորներ կառուցելու տարբերակը: