Արմինֆո. Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը հրաժարական է տվել
«Հրաժարական եմ տալիս Լոռու մարզպետի պաշտոնից և դադարեցնում եմ իմ քաղաքական և կուսակցական գործունեությունը», -հաղորդել է նա սոցցանցում։
«Այս որոշումը պայմանավորված է այլ աշխատանքի անցնելու հանգամանքով, որի վերաբերյալ պատշաճ կարգով և սահմանված ժամկետներում հանդես կգան իրավասու մարմինները։ Հատուկ երախտագիտություն եմ ուզում հայտնել ՀՀ վարչապետին՝ վստահության և այն մեծ պատվի համար, որ հնարավորություն տվեց ծառայելու իմ հարազատ Լոռու մարզին՝ որպես մարզպետ։ Խորին շնորհակալություն եմ հայտնում Լոռու մարզի իմ սիրելի բնակիչներին՝ վստահության և աջակցության համար, մարզպետի աշխատակազմին և համայնքապետերին՝ համատեղ աշխատանքի և նվիրվածության համար, իմ գործընկեր մարզպետներին, ինչպես նաև Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին ու նրա տեղակալներին՝ գործընկերային և արդյունավետ համագործակցության համար։ Անհատական շնորհակալություն եմ հայտնում գործադիր և օրենսդիր իշխանության իմ գործընկերներին՝ շարունակական աջակցության և կառուցողական փոխհարաբերությունների համար, ինչպես նաև մեր կուսակից ընկերներին՝ միասնական աշխատանքի և գաղափարական համախմբվածության համար»,- գրել է Ղազարյանը։
Ղազարյանն այդ պաշտոնում նշանակվել էր 2024 թվականի հունվարի 18-ին։ «Սպուտնիկ Արմենիա»-ի տեղեկություններով՝ Ղազարյանը նշանակվելու է ոստիկանապետ և ՆԳ փոխնախարար։ Այսօր ավելի վաղ այդ պաշտոնից ազատվել էր Արամ Հովհաննիսյանը։