Արմինֆո. Հայաստանի և Ֆրանսիայի միջև ապակենտրոնացված համագործակցությունը ձեռք է բերել ռազմավարական նշանակություն, ինչը թելադրված էր վերջին տարիների իրադարձություններով։ Այդ մասին հայտարարել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին՝ Գորիսում ընթացող Հայաստան-Ֆրանսիա ապակենտրոնացված համագործակցության 5-րդ համաժողովում իր ելույթում:
Մասնավորապես, նա նշել է, որ փոխվել է մոտեցումը Հայաստանի և Ֆրանսիայի համայնքների համագործակցության համատեքստում։ Դիվանագետի խոսքով՝ դրանք արդեն նպատակաուղղված են ռազմավարական պարամետրերին, պարզապես, բարեկամական հարաբերություններից եւ փոխգործակցությունից զատ: Որպես օրինակ՝ նա հիշեցրել է Ֆրանսիայի Մարսելի քաղաքի և Տավուշի մարզի միջև վերջերս հաստատված համագործակցության մասին։ Դըկոտինյին նշել է, որ Մարսելը մտադիր է աջակցել Տավուշի կայունությանը։ Նման համագործակցությունը նա անվանել է լուրջ ընտրություն և ռազմավարական քայլ։ <Դա նշանակում է, որ նրանք անտեսված չեն աշխարհի կողմից, որ հեռավորության վրա կան համայնքներ, որոնք մտածում են ձեր մասին>, - ասել է նա:
Միաժամանակ Դըկոտինյին ընդգծել է, որ պետական համագործակցությանը նախորդում է համայնքների փոխգործակցությունը: Այս առնչությամբ դեսպանը հիշեցրել է, որ դեռևս 1968 թվականին Վանաձորն ու Բանյեն դարձել են քույր քաղաքներ։ "Իսկ մենք ՝ պետության ներկայացուցիչներս, փորձում ենք միայն հասնել դրան", - նշել է ֆրանսիացի դիվանագետը:
Նա անդրադարձել է նաև Հայաստանի առանձնահատկություններին, հիշեցնելով, որ անցյալ տարի բացվել է Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարությունում Հայաստանի հետ հարաբերությունների համակարգողի պաշտոնը, ինչը նմանը չունի այլ երկրների հետ: Այդ առումով Հայաստանում Ֆրանսիայի դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարը պարզաբանել է, որ մեր երկրների միջև հարաբերությունները բազմաշերտ են։
<Այն փաստը, որ մենք բոլորս համախմբվել ենք Գորիսում, նշանակում է, որ մենք շարունակում ենք աջակցել ձեզ, ինչպես՝ ի դեմս պետության և հասարակության, այնպես էլ՝ ի դեմս կազմակերպությունների: Այն, ինչ մենք միասին ենք կառուցում, ոչ միայն տեխնիկական համագործակցություն է, ոչ միայն բարեկամություն, այլեւ՝ իրավիճակի վրա ազդելու, Հայաստանին աջակցելու եւ հանուն խաղաղության գործելու իրական լծակներ", - եզրափակել է նա։
Համաժողովին հավաքվածներին տեսաուղերձով դիմել է նաև Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Դավիթ Բերտոլոտին: Հղում անելով Ֆրանսիայի նախագահին, որ իրենց կողմից Հայաստանին տրամադրվող օգնությունը մշտական է, կայուն և շարունակական, նա նշել է, որ երկկողմ հարաբերությունները ոչինչ չէին նշանակի առանց համայնքների, քաղաքացիական հասարակության ներգրավման: "Չկա բարեկամական համագործակցության ավելի հաջող օրինակ, քան մեր ժողովուրդների միջև համագործակցությունը", - ասել է նա:
Բերտոլոտին, միաժամանակ, նշել է ավելի մեծ սիներգիայի ստեղծման և ընդհանուր գործողությունների կառուցվածքի անհրաժեշտությունը ։ "Հենց այս ոգով են կազմակերպվել այդ հանդիպումները, որոնք պետք է հարթակ ծառայեն գործընկերների միջև շփման, փորձի փոխանակման համար, որպեսզի միասնական ջանքերով աջակցեն ինքնիշխանությանը և կայունությանը", - նշել է նա:
Գլխավոր քարտուղարը նշել է, որ համաժողովը թույլ կտա անդրադառնալ ապակենտրոնացված համագործակցության առանցքային թեմաներին ՝ ի նպաստ տարածքային տնտեսական զարգացման, այդ թվում ՝ երիտասարդության, տեղական ինքնակառավարման հարցերի, կանանց դերի եւ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված քաղաքացիների կարիքների: