Արմինֆո. Երևանում տեղի է ունեցել "Երկխոսություն Ռուբենի հետ" երեկո-քննարկում՝ նվիրված Բաքվի բանտում գտնվող Ռուբեն Վարդանյանին:
Ռուբեն Վարդանյանի ծննդյան օրվան նվիրված երեկո-քննարկումը, որը նախաձեռնել էին նրա ընկերները, նրա ծննդյան օրվա կապակցությամբ անցկացվող միջոցառումների շարքի շարունակությունն էր: "Երկխոսություն Ռուբենի հետ" քննարկումը նվիրված էր Ռուբեն մարդուն, նրա կենսական փիլիսոփայությանը, արժեքներին և տեղի է ունեցել Բաղրամյան 6 հասցեում գտնվող շենքի տարածքում: Վայրը խորհրդանշական է, քանի որ հենց այդ շենքում են նախաձեռնվել, իսկ հետո իրականություն դարձել Ռուբեն Վարդանյանի կողմից Հայաստանում իրականացված բոլոր խոշոր նախագծերը՝ սկսած "Տաթեւ" ճոպանուղուց, ընդհուպ մինչեւ "Ավրորա" մարդասիրական նախաձեռնություն:
Ռուբենի ընկեր Արման Ջիլավյանը, բացելով երեկոն, կարևորել է այդ միջոցառման անցկացումը, որը թույլ է տալիս ամրապնդել ընկերների տոկունությունը, ճիշտ գնահատել անցյալն ու նայել ապագային: "Շատ կարևոր է, որ մենք հանդիպում ենք հենց այստեղ՝ Բաղրամյան 6 շենքի այգում, քանի որ հենց այստեղ են ծնվել Ռուբեն Վարդանյանի, նրա ընտանիքի և համակիրների շատ գաղափարներ։ Այստեղ է ծնվել նաեւ Արցախ տեղափոխվելու և այնտեղ՝ տեղերում մարդկանց օգնելու գաղափարը", - հիշել է Ջիլավյանը։
Միևնույն ժամանակ, նա վստահություն է հայտնել, որ Ռուբեն Վարդանյանը կվերադառնա Բաքվի բանտից և այդ այգում կշարունակի նոր գաղափարներ գեներացնել՝ ի շահ հայ ժողովրդի: "Մենք գիտենք, թե որքան ուժեղ և տոկուն մարդ է Ռուբենը, այդ թվում՝ իր մտերիմների հետ զրույցներում այնտեղից՝ բանտից", - հավելել է Ռուբենի ընկերը:
Իսկ Ռուբենի քույրը՝ հայ բանաստեղծուհի և կոմպոզիտոր Մարինե Ալեսը, խորհրդանշական է համարել, որ իր եղբոր և հոր սիրած "Հորացիոս" երաժշտական ստեղծագործությունը հնչել է Երևանում, որտեղ ծնվել է Վարդանյանը: "Մեր ընտանիքում միայն Ռուբենն է ծնվել Երևանում։ Հայրս ծնվել է Էջմիածնում, մայրս ՝ Թբիլիսիում, ես՝ Մոսկվայում ։ Միայն Ռուբենն է Երևանի որդի։ Ռուբենը շատ լուսավոր երեխա էր, և, նույնիսկ, նրա առաջին խոսքը բարևն էր: Նա ողջունում էր բոլոր նրանց, ում հանդիպում էր: Ես կցանկանայի, որ այս երեկոն տեղի ունենար Բաքվի բանտից Ռուբենի պատգամների լույսի ներքո", - նշել է նրա քույրը, վստահություն հայտնելով, որ Ռուբենն այնտեղ՝ Բաքվի բանտում, զգում է, որ իր համար աղոթում են, իրեն սպասում են։
Իր հերթին՝ սփյուռքահայ տնտեսագետ, հրապարակախոս Վահան Զանոյանը նշել է, որ Վարդանյանի ՝ բանտից հղած ուղերձները նոր չեն եղել, դրանք բոլոր այն հարցերն ու մտահոգություններն են, որոնց մասին ինքը և Ռուբենը խոսել են վերջին տարիներին: Միևնույն ժամանակ գրողը նշել է, որ Ռուբենի այն արտահայտությունը, թե "ինքը զոհ չէ, և պետք չէ իրեն խղճալ", ցույց է տալիս իր ողջ էությունը:
Նա նշել է, որ Ռուբենի բոլոր ապրումները կապված են եղել արցախցիների ապագայի հետ ։ "Ռուբենը չէր ուզում, որ արցախցիները վտարվեին հայրենի հողից, ապրեին առանց Հայրենիքի։ Ռուբենի բոլոր ապրումները կապված էին դրա հետ։ Արցախ տեղափոխվելու նրա որոշումը հեշտ չէր։ Նա շատ լավ հասկանում էր, թե ինչ զոհողությունների պետք է գնա՝ ապրելով ընտանիքից հեռու, սիրելի մարդկանցից հեռու", - շարունակել է հրապարակախոսը։ Այդ համատեքստում նա նշել է, որ հայ ժողովրդի ապագայի գրավականը հավատն ու նվիրվածությունն է ազգային արժեքների հանդեպ, որով առաջնորդվել է Ռուբենը իր գործողություններում:
Երեկոյի ընթացքում տեղի է ունեցել երկու պանելային քննարկում, որոնց ընթացքում խոսվել է Ռուբենի կյանքի փիլիսոփայության, արժեքների գաղափարախոսության մասին: Ընկերներն ու գործընկերները կիսվել են Ռուբենի հետ անցած ճանապարհի մասին իրենց հիշողություններով:
Ռուբեն Վարդանյանի ծննդյան օրվա միջոցառումները մեկնարկել են Դիլիջանում, որտեղ տեղի է ունեցել Ռուբեն Վարդանյանի եւ նրա տիկնոջ՝ Վերոնիկա Զոնաբենդի հիմնադրած "UWC Դիլիջան" քոլեջի ավարտական երեկոն, Դիլիջանի համայնքային կենտրոնի կողմից անցկացվել է "Միասին" փառատոնը՝ ի աջակցություն Դիլիջանի նոր եկեղեցու կառուցման, որի նախաձեռնությունը նույնպես Ռուբեն Վարդանյանինն է: Միջոցառումների այս շարքը կավարտվի մայիսի 31-ին Տաթևի վանք ուխտագնացությամբ: