Արմինֆո. Ամենայն հայոց կաթողիկոսի առաջարկով Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը Շվեյցարիայում կազմակերպել է «Կրոնական Ազատություն․ հայկական հոգևոր, մշակութային և պատմական ժառանգության պահպանումը Արցախում» խորագրով միջազգային համաժողով։
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի հաղորդագրության համաձայն, Ամենայն հայոց կաթողիկոսը համաժողովին հայտարարել է, որ Թուրքիայի ռազմական աջակցությամբ Ադրբեջանը իրականացրել է ոճրագոծություն՝ բռնազավթել և ամբողջապես հայաթափել է Արցախը։ Գրավել է Հայաստանի սահմանային կենսական նշանակություն ունեցող զգալի տարածքներ, խաղաղության պայմանագրի կնքման գործընթացում ներկայացնում է նորանոր պահանջներ։
«Ադրբեջանը պատանդ է պահում Արցախի քաղաքական ղեկավարներին, քաղաքացիական անձանց և ռազմագերիների՝ իրականացնելով նրանց նկատմամբ ցուցադրական, շինծու դատավարություն՝ միջազգային իրավական նորմերի աղաղակող խախտումներով», - հայտարարել է Ամենայն հայոց կաթողիկոսը։
Եկեղեցիների համաշխարհային խորհրդի գլխավոր քարտուղարն, իր հերթին, հայտարարել է, որ քրիստոնյաները կոչված են լինելու ճշմարտության վկաներ, և դա զոհերի կողքին կանգնելն է և չարի անունը բարձրաձայնելը։