Արմինֆո.Մայիսի 30-ին՝ ժամը 12:12-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն Հերացի թիվ 1 համալսարանական հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ Երևանի Հակոբ Պարոնյան փողոցում ծեծի ենթարկվելու հետևանքով բուժօգնության են տեղափոխվել շտապօգնության աշխատակիցներ, նախնական տվյալներով' չորս անձ։ Այդ մասին հաղորդում է ՆԳՆ ոստիկանության մամուլի ծառայությունը:
«Բոլորի առողջական վիճակը բավարար է։ Դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ։ Կտրվի հավելյալ տեղեկատվություն», - ասվում է հաղորդագրությունում։
Շտապօգնության աշխատակիցների հերթական ծեծին արձագանքել են նաև Երևանի քաղաքապետարանում: Քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը հայտարարել է, որ դատապարտում է բուժաշխատողների և շտապ օգնության ծառայությունների աշխատակիցների նկատմամբ բռնության ցանկացած դրսևորում: "Նրանք ամեն օր կյանքեր են փրկում ՝ հաճախ վտանգելով սեփական անվտանգությունը։ Նման վերաբերմունքը ոչ միայն անընդունելի է, այլև պահանջում է ամենախիստ իրավական գնահատական", - հայտարարել է Կոստանյանը։