Արմինֆո. Կառավարող "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն արդարացրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վիրավորական արտահայտությունները Հայ Առաքելական Եկեղեցու ներկայացուցիչների հասցեին և նոր սպառնալիքներ հնչեցրել հոգևորականների հասցեին: Ընդ որում, նա կոպիտ կերպով ընդգծել է, որ ինքն էլ նույն կերպ կվարվեր։
"Միթե՞ կարելի է կուսակրոնության երդում տալ և միաժամանակ լինել "այլասերված"։ Արդյո՞ք դա նորմալ է: Բայց երբ այդ մասին խոսում են, դա հանկարծ աննորմալ է դառնում", - հայտարարել է Հովհաննիսյանը Հայաստանի խորհրդարանում ճեպազրույցների ժամանակ՝ ի պատասխան Հայաստանի վարչապետի խոսքերին գնահատական տալու խնդրանքին։
Ընդ որում, նա հավաստիացրել է, որ քաղաքական բանավեճը ենթադրում է նաև "սուր արտահայտություններ" ։ "Քաղաքական հռետորաբանության մեջ անհրաժեշտության դեպքում կարող են տեղ գտնել նաև նման սուր արտահայտություններ և գնահատականներ։ Եվ, նույնիսկ, ես պատրաստ եմ նման որակավորում տալ Եկեղեցու սպասավորներին", - հավելել է պատգամավորը։
Այնուհետև Հովհաննիսյանն սկսել է սպառնալ հոգևորականության ներկայացուցիչներին, հայտարարելով, որ "պատռելու են բոլոր նրանց, ովքեր իրենց թույլ են տալիս սրբապղծություն թե եկեղեցու ներսում, թե դրսում։ "Մենք պատռելու ենք նրանցից յուրաքանչյուրի դիմակը", - նշել է նա՝ շարունակելով պաշտպանել Փաշինյանին։
Կառավարող կուսակցության քարտուղարը նաև հավաստիացրել է, որ Եկեղեցին պետք է "անջատ լինի պետական գործերից, և դատապարտել է իշխանափոխության նրա կոչերը": "Մենք ակնհայտ քայքայիչ գործողություններ ենք տեսնում Եկեղեցու կողմից, այլ ոչ թե՝ հակառակը ։ Միգուցե մի օր մենք կտեսնենք Եկեղեցու կողմից կուսակցության ստեղծումը, և դա մեզ չի զարմացնի", - հայտարարել է Հովհաննիսյանը։
"Քաղաքացիական պայմանագրի" պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանն, իր հերթին, վստահեցրել է, որ "չուլանների" մասին Փաշինյանի հայտարարություններն ուղղված էին հայկական եկեղեցու պաշտպանությանը, այլ ոչ թե՝ հակառակը: "Հասկանալի չէ, թե ինչու եկեղեցին "հոգեկան խանգարման" մեջ ընկավ ՝ փոխանակ ողջունելու վարչապետի հայտարարությունը սրբավայրերի պահպանման կարևորության մասին",- նշել է Տիգրանյանը:
Նրա համոզմամբ՝ վարչապետի խոսքերը սխալ են ընկալվել։ Այդ առնչությամբ Տիգրանյանն առաջարկել է վերանայել խորհրդարանի նիստի ձայնագրությունը և փորձել հասկանալ Փաշինյանի խոսքերի իրական իմաստը, որպեսզի պարզվի, թե կոնկրետ որտեղ է եկեղեցու հասցեին վիրավորանքը։
Անդրադառնալով Փաշինյանի ֆեյսբուքյան հայտարարություններին՝ պատգամավորը հայտարարել է, որ երբ ժողովուրդը չի հասկանում հայերեն համարժեք արտահայտությունները, դա բերում է նրան, որ գործի են դրվում վիրավորանքները։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր վաղ առավոտյան ֆեյսբուքյան իր պաշտոնական էջում անպարկեշտ վիրավորանք էր հրապարակել եպիսկոպոսի հասցեին. «Սրբազան, գնա շարունակիր քեռուդ կնգան դոմփել, ինձ հետ ի՞նչ գործ ունես»։ Որոշ ժամանակ անց նա կատարել էր եւս մեկ գրառում. «Իսկ անհրաժե՞շտ է առերեսվել հարցին, թե մեր եպիսկոպոսաց դասից քանի՞ հոգի է հավատարիմ կուսակրոնության ուխտին»: Հետո՝ եւս մեկը. «Ոմանց հուզել է, որ ես պաշտոնապես ամուսնացած չեմ։ Մեր հոգեւոր վերնախավի կեսը նույն վիճակում է, ու դա ոմանց չի հուզում»։ Եվ՝ վերջինը (այս պահին). «Իսկ ի՞նչ է լինում, երբ պարզվում է, որ կուսակրոն հոգեւորականը խախտել է կուսակրոնության ուխտը։ Նա զրկվում է պաշտոնից, աստիճանից եւ փիլոնից։ Հիմա ո՞րն է բարոյապես ավելի ազնիվ. կամավոր հրաժարակա՞ն տալ, թե ընկնել մտատանջությունների գիրկը. տեսնես կլինի՞ քննություն, տեսնես կբացահայտվի՞ իրականությունը»։
Հիշեցնենք, որ նախօրեին կառավարության նիստում Փաշինյանը հայկական եկեղեցիները համեմատել էր չուլանների հետ։ «Ով որտեղ ինչ ոչ պետքական ապրանք ունի, կարելի է տեսնել եկեղեցիներում. ավելացված մետլախ, պարկով ցեմենտ, «աբալովկի» հին կտորներ, արմատուրայի հին, ժանգոտ կտորներ: Մարդն ինչի՞ համար է եկեղեցի մտնում, մտնում է հոգևոր հաղորդակցություն ունենալու: Մեկ էլ՝ մտնում-տեսնում ես՝ այնտեղ աղբ է լցված, այնտեղ ինչ-որ մեկի հին շորերն են, այնտեղ մեկը կոշիկներն է դրել, հին կռավաթը...», - ասել էր վարչապետը, ԿԳՄՍՆ ղեկավարից պահանջելով համապատասխան չափորոշիչներ ներդնել եկեղեցիներում, քանի որ «այդ օբյեկտների, հուշարձանների իրական սեփականատերը պետությունն է»:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում արձագանքել էին հայտարարությանը: "Ցավալի է, սակայն, որ նման նուրբ հարցի շուրջ արտահայտվելիս անգամ այդպիսի բարձր դիրք զբաղեցնող անձը չի կարողանում չցուցադրել «նորաձև հռչակված» կրթության պակասը, ինչպես նաև հանրային պատշաճ հաղորդակցության և խնդիրների խորքային ըմբռնման ներքին ճգնաժամը", - գրել էր Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանն՝ իր թելեգրամյան ալիքում: