Արմինֆո.ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը կարելի է հաջողված համարել՝ սեփական սխալներն արդարացնելու և դրանում ուրիշներին մեղադրելու համատեքստում: Այդ մասին մայիսի 30-ին ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱԺ ընդդիմադիր "Հայաստան" խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանի ղեկավարների վերջին հայտարարությունները չեն կարող հարցեր չառաջացնել։ "Մասնավորապես, ինչպե՞ս կարող էր ստացվել, որ ՀՀ վարչապետի Facebook-յան գրառումները ժամկետներով համընկել են Բեռնում ՀԱԵ հովանու ներքո անցկացվող միջազգային խորհրդաժողովի հետ, ինչպե՞ս կարող էր պատահել, որ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտնի հայտարարությունը համընկել է Արցախի խորհրդարանի նոր խոսնակի ընտրության հետ, ինչու՞ է Ադրբեջանը Հայաստանի սահմանների անմիջական հարևանությամբ՝ Լաչինում, բացում երրորդ միջազգային օդանավակայանը, և ինչու՞ է Բաքուն հայտարարում Խոզնավարի գնդակոծություններին իր անմասն լինելու մասին։ Ուրեմն՝ ո՞վ է կրակել, Ալեքսանդր Սերգեևիչ Պուշկի՞նը", - հայտարարել է Խաաչատրյանը, հավելելով, որ այդ բոլոր իրադարձությունները վկայում են Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ նոր ռազմական գործողության նախապատրաստման մասին։
Այս ֆոնին, ինչպես նշել է ընդդիմադիրը, իշխանությունները պաշտպանության վրա կենտրոնանալու փոխարեն փորձում են նախապես մեղավորներ "նշանակել"։ "Իբր, եթե Մայր Աթոռը Սուրբ Էջմիածինը խորհրդաժողով չկազմակերպեր, հարձակում չէր լինի", - ասել է Արթուր Խաչատրյանը: