


Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը նպատակաուղղված Ադրբեջանի և Հայաստանի նախագահների առաջիկա հանդիպումը ոչ մի արդյունք չի տա: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի Հարավային Կովկասի գծով նախկին օգնական, Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան, Տալլինի պաշտպանական հետազոտությունների միջազգային կենտրոնի տնօրեն Մեթյու Բրայզան, հաղորդում է «Տրենդը»:
Նրա ասելով, հանդիպումից հետո հակամարտության կարգավորման գործում բեկում ակնկալելու հարկ չկա: «Անհնար է հասնել խաղաղության, քանի դեռ կողմերի միջև վստահություն չկա: Ես չեմ տեսնում որևէ հնարավորություն, որպեսզի հանդիպումն արդյունք տա, սակայն այն պետք է կայանա` վստահության հաստատմանը ձեռնամուխ լինելու համար, ինչն ինքնին բարդ և տևական գործընթաց է», - ասել է Բրայզան:
Ինչպես նշել է Բրայզան, Ռուսաստանը շահագրգռված չէ հակամարտության կարգավորմամբ, նրան ձեռնտու է «ոչ պատերազմ` ոչ խաղաղություն» վիճակը, որը թույլ է տալիս մանիպուլյացիայի ենթարկել կողմերին: «Ռուսաստանին պետք չէ նաև պատերազմ, սակայն առաջընթացի շանսեր տվյալ պահին չկան», - ասել է նա: Առկա իրավիճակում Հայաստանը, նրա ասելով, պետք է նվազեցնի իր կախվածությունը Ռուսաստանից, ռուսական ներդրումներից և էներգետիկայից: «Ռուսաստանը տնօրինում է Հայաստանի ողջ հիմնական ենթակառուցվածքը, ինչը Սարգսյանի դիրքերը չափազանց խոցելի է դարձնում այդ երկրի համար», - ասել է Բրայզան:
Իսկ Ադրբեջտանը, նրա կարծիքով, ստեղծված իրավիճակում պետք է շարունակի երկիրն ամրապնդելու իր գիծը, օգտվի նավթի գների անկման շրջանից` որոշ բարեփոխումներ անցկացնելու նպատակով, բարձրացնի տնտեսության արդյունավետությունը:


