Արմինֆո. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը վաղ առավոտյան ֆեյսբուքյան իր պաշտոնական էջում անպարկեշտ վիրավորանք է հրապարակել եպիսկոպոսի հասցեին. «Սրբազան, գնա շարունակիր քեռուդ կնգան դոմփել, ինձ հետ ի՞նչ գործ ունես»։
Որոշ ժամանակ անց նա կատարել է եւս մեկ գրառում. «Իսկ անհրաժե՞շտ է առերեսվել հարցին, թե մեր եպիսկոպոսաց դասից քանի՞ հոգի է հավատարիմ կուսակրոնության ուխտին»: Հետո՝ եւս մեկը. «Ոմանց հուզել է, որ ես պաշտոնապես ամուսնացած չեմ։ Մեր հոգեւոր վերնախավի կեսը նույն վիճակում է, ու դա ոմանց չի հուզում»։ Եվ վերջինը (այս պահին). «Իսկ ի՞նչ է լինում, երբ պարզվում է, որ կուսակրոն հոգեւորականը խախտել է կուսակրոնության ուխտը։ Նա զրկվում է պաշտոնից, աստիճանից եւ փիլոնից։
Հիմա ո՞րն է բարոյապես ավելի ազնիվ. կամավոր հրաժարակա՞ն տալ, թե ընկնել մտատանջությունների գիրկը. տեսնես կլինի՞ քննություն, տեսնես կբացահայտվի՞ իրականությունը»։ Վարչապետի տիկինը՝ Աննա Հակոբյանը ևս որոշել է իր վերաբերմունքն արտահայտել հայ հոգևորականների հանդեպ։ "Երկրի գլխավոր մանկապիղծները չուլան բառից դիվահարվել են։ Դե իհարկե, այդպես էլ պետք է լիներ. չէ՞ որ չուլանները սեւ սքեմ հագնող մոլագարների կյանքի մութ անկյուններն են: Հենց չուլաններում են տեղի ունենում այլասերվածություններ, որոնք արդեն հավատավոր ժողովրդի ցասմանն անգամ չեն արժանանում։ Հավատավոր ժողովուրդը, վաղուց արդեն համակերպված, իր ուսերի վրա քարշ է տալիս երկրի գլխավոր մոլագար այլասերվածներին», - գրել է նա սոցցանցում։ Հիշեցնենք, որ նախօրեին կառավարության նիստում Փաշինյանը հայկական եկեղեցիները համեմատել էր չուլանների հետ։ «Ով որտեղ ինչ ոչ պետքական ապրանք ունի, կարելի է տեսնել եկեղեցիներում. ավելացված մետլախ, պարկով ցեմենտ, «աբալովկի» հին կտորներ, արմատուրայի հին, ժանգոտ կտորներ: Մարդն ինչի՞ համար է եկեղեցի մտնում, մտնում է հոգևոր հաղորդակցություն ունենալու: Մեկ էլ՝ մտնում-տեսնում ես՝ այնտեղ աղբ է լցված, այնտեղ ինչ-որ մեկի հին շորերն են, այնտեղ մեկը կոշիկներն է դրել, հին կռավաթը...», - նշել էր նա։ Վարչապետը ԿԳՄՍՆ ղեկավարից պահանջել էր համապատասխան չափորոշիչներ ներդնել եկեղեցիներում, քանի որ «այդ օբյեկտների, հուշարձանների իրական սեփականատերը պետությունն է»: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում արձագանքել էին հայտարարությանը: "Գնահատելի է, որ գործող վարչապետը վերջապես ընկալել է հուշարձանի կարգավիճակ ունեցող սրբավայրերի պահպանության գործում իր և իշխանությունների պատասխանատվությունը: Ցավալի է, սակայն, որ նման նուրբ հարցի շուրջ արտահայտվելիս անգամ այդպիսի բարձր դիրք զբաղեցնող անձը չի կարողանում չցուցադրել «նորաձև հռչակված» կրթության պակասը, ինչպես նաև հանրային պատշաճ հաղորդակցության և խնդիրների խորքային ըմբռնման ներքին ճգնաժամը", - գրել էր Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանն՝ իր թելեգրամյան ալիքում:
ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ