Արմինֆո. Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության (այժմ՝ Քաղաքացիական ավիացիայի կոմիտե) նախկին պետ Արտյոմ Մովսեսյանին և նրա հետ փոխկապակցված 9 անձի 2025թ. մայիսի 30-ին հրավիրել են Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն՝ ծանոթանալու իրենց պատկանող գույքի առնչությամբ իրականացված ուսումնասիրության նյութերին:
Ըստ «Հետք» պարբերականի՝ Արտյոմ Մովսեսյանից բացի, Դատախազություն են հրավիրվել նաև կինը՝ Ալբինա Մարկոսյանը, զավակները՝ Մարի և Արեգ Մովսեսյանները, վերջիններիս անչափահաս քույրն ու եղբայրը, Արտյոմ Մովսեսյանի կնոջ հայրը՝ Վահան Մարկոսյանը, վերջինիս դուստրը՝ Էվելինա Մարկոսյանը, եղբոր տղան՝ Վահե Մովսեսյանը և աշխատակիցներից մեկի ամուսինը՝ Կարեն Արոյանը:
Հիշեցնենք, որ Արտյոմ Մովսեսյանը 2004թվից մինչև 2016թ. հունիսը զբաղեցրել է Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի պաշտոնը: Մինչ այդ նա աշխատել է նախագահի աշխատակազմի վերահսկողական ծառայությունում:
Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության նախկին պետի դուստրը՝ Մարի Մովսեսյանը, 2023թ. նոյեմբերից դարձել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավորի օգնական և Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացնում գույքի, եկամուտների և ծախսերի հայտարարագիր:
«Հետքը» դեռևս 2024թ. մայիսին անդրադարձել էր Մովսեսյանների հայտարարագրած ունեցվածքին: Նրանք զգալի կարողություն ունեն: Եթե դիտարկենք միայն Արտյոմ Մովսեսյանի կնոջ 2023թ. հայտարարագիրը, ապա ավելի քան 1 մլրդ 182 մլն դրամ և 106 մլն դոլար հանձնած փոխառություն է ունեցել:
Փոխառության մեծ մասը տրվել է «Թռչնաֆաբրիկա Գետամեջ 2016» ՍՊԸ-ին: Ընկերությունը հիմնվել է 2016թ. հունիսի 20-ին, Արտյոմ Մովսեսյանի եղբոր՝ Աշոտ Մովսեսյանի կողմից: Սակայն, 6 ամիս անց ընկերության սեփականատերը փոխվել է, և միանձնյա սեփականատեր է դարձել Արտյոմ Մովսեսյանը: Մասնավորապես՝ Մովսեսյանները «Թռչնաֆաբրիկա Գետամեջ 2016» ՍՊԸ-ին տարբեր փոխառություններ են տվել: Արտյոմ Մովսեսյանի՝ սեփական ընկերությանը հանձնած փոխառության չափը 2023թ. վերջին կազմել է մոտ 213 մլն դրամ, կնոջը՝ Ալբինա Մովսեսյանի փոխառության չափը՝ 1 մլրդ 52 մլն դրամ և 10 հազ. ԱՄՆ դոլար, իսկ դատավորի օգնական դուստրը՝ մոտ 40 մլն դրամ և 40 հազ. դոլար: Ալբինա Մարկոսյանի միայն 2023թ. եկամուտը կազմել է 1 մլրդ 120 մլն դրամ: Հիշեցնենք, որ օրեր առաջ էլ Քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել Արտյոմ Մովսեսյանի վերաբերյալ։ Նրա նկատմամբ նախաձեռնված քրեական վարույթի քննությունն ավարտվել է։ Նախկին պաշտոնյան մեղադրվում է չարաշահում կատարելու մեջ։
Նշենք, որ Գլխավոր դատախազությունը գույքի առնչությամբ իրականացված ուսումնասիրության արդյունքում կազմված ամփոփագիրն անմիջապես չի հանրայնացնում: Այսինքն՝ այս փուլում հայտնի չէ, թե Դատախազությունը Արտյոմ Մովսեսյանին ու նրա հետ փոխկապակցված անձանց պատկանող որ գույքը, ինչ չափի դրամական միջոցներ ու այլ սեփականություններ է դիտարկում՝ որպես ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող:
Դատախազությունը պատճառաբանում է, որ շահագրգիռ անձինք, ծանոթանալով ուսումնասիրության նյութերին, կարող են ներկայացնել ապացույցներ, հայտնել դիրքորոշումներ, ինչը հնարավոր է փոփոխություն առաջացնի ենթադրաբար բռնագանձման ենթակա գույքի ցանկում:
Նշենք, որ Արտյոմ Մովսեսյանի նկատմամբ հարուցվել է հրապարակային քրեական հետապնդում ՝ "Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու" հոդվածով:C