


Հոկտեմբերի 17-ին տեղի է ունեցել Հայ Ազգային Կոնգրեսի վարչության նիստ:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Հայ Ազգային Կոնգրեսի մամուլի ծառայությունից, նկատի ունենալով Հայաստանի ժողովրդական կուսակցության հետ ձեռք բերված քաղաքական պայմանավորվածությունը և դեկտեմբերի 6-ի հանրաքվեի առիթով երկու քաղաքական ուժերի ռեսուրսները մեկտեղելու անհրաժեշտությունը, վարչությունը համաձայնություն է տվել Հայ Ազգային Կոնգրեսի և Հայաստանի ժողովրդական կուսակցության` «Ոչ»-ի համատեղ շտաբի ձևավորմանը: Շտաբի կառուցվածքն ու կազմը կհայտարարվի առաջիկա օրերին:
Նիստում քննարկվել է նաև հոկտեմբերի 30-ին «Չեք անցկացնի» քաղաքացիական նախաձեռնության հրավիրած հանրահավաքին մասնակցելու, ինչպես նաև հանրության շրջանում քարոզչական աշխատանքներ իրականացնելու հետ կապված հարցեր:
Նշենք, որ սահմանադրական հանրաքվեն տեղի կունենա դեկտեմբերի 6-ին: Ըստ ԱրմԻնֆո-ի աղբյուրների, կայանալիք սահմանադրական հանրաքվեի շտաբը գլխավորելու է վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ով այդ շրջանում արձակուրդ կվերցնի: Իսկ «Ոչի» ճակատը, նույն աղբյուրների համաձայն, կգլխավորի ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը: ՙՆոր Հայաստան՚ շարժումը հայտարարել է, որ իրենց շտաբը գլխավորելու է ՙՀիմնադիր խորհրդարանի՚ համակարգող Ժիրայր Սեֆիլյանը:



