


2015 թ. հոկտեմբերի 17-ին «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի ստեղծած «Ընդդիմության միասնական շտաբ»-ի նախաձեռնությամբ Շտաբի գրասենյակում (Երևան, Երզնկյան 75) տեղի ունեցավ Ճակատի մաս կազմող ուժերի ակտիվի առաջին ընդհանուր ժողովը:
Ինչպես նշվում է «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի «Ընդդիմության միասնական շտաբ»-ի հաղորդագրության մեջ, ժողովին ներկա էին նաև Ճակատի Քաղաքական խորհրդի անդամները: Ժողովը վարեց «Ընդդիմության միասնական շտաբ»-ի պետ Ժիրայր Սէֆիլյանը:
Քաղաքական խորհրդի անդամները ներկայացրեցին պայքարի ռազմավարության և մարտավարության վերաբերյալ Քաղաքական խորհրդի մոտեցումները, դրանց մասին արդեն կայացված որոշումների բովանդակությունը, պատասխանեցին ժողովի մասնակիցների հարցերին, ինչպես նաև ի գիտություն ընդունեցին Ճակատի հետագա գործունեության կազմակերպման վերաբերյալ նրանց առաջարկություններն ու դիտողությունները:
Ինչպես ավելի վաղ տեղեկացվել էր, «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի ստեղծած «Ընդդիմության միասնական շտաբ»-ի Քաղխորհրդի կազմում են`Րաֆֆի Հովհաննիսյանը, Ժիրայր Սեֆիլյանը, Հմայակ Հովհաննիսյանը, Անդրիաս Ղուկասյանը, Պետրոս Մակեյանը, Գարեգին Չուքասզյանը, Արմեն Մարտիրոսյանը:
Հիշեցնենք, որ Հայաստանի սահմադրական բարեփոխումների քարոզարշավը մեկնարկել է հոկտեմբերի 10-ին և կավարտվի դեկտեմբերի 4-ին:



