Արմինֆո. Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարրոն Հայաստան պաշտոնական այցի շրջանակում այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել սուրբ նահատակների հիշատակին:
Ինչպես հաղորդում է "Արմենպրես"-ը, Ֆրանսիայի ԱԳ նախարարին ուղեկցել են Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դեկոտինյին: Նախարարները ծաղկեպսակ են դրել հուշակոթողին եւ ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ:
Ֆրանսիայի ԱԳ նախարարը պաշտոնական այցով Հայաստան է ժամանել մայիսի 26-ին: Հայաստանի և Ֆրանսիայի արտգործնախարարները բանակցություններ են վարել Երևանում։ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարի Հայաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում Հայաստանի և Ֆրանսիայի միջև ստորագրվել է 3 փաստաթուղթ: