Արմինֆո. Սոցիալիստ ինտերնացիոնալում (Ընկերվար միջազգայնական/ԸՄ) ՀՅԴ ներկայացուցիչ և ԸՄ փոխնախագահ Մարիո Նալբանդյանը 2025 թ․ մայիսի 23-25-ը Ստամբուլում մասնակցել է ԸՄ-ի նախագահության, ֆինանսական և կազմակերպական հանձնաժողովների, ինչպես նաև խորհրդի ժողովներին, որտեղ քննարկվել են ավելի քան հարյուր երկրներից 132 կուսակցություն ընդգրկող կազմակերպությանը վերաբերող հարցեր։
ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակի հաղորդագրության համաձայն, ԸՄ-ի՝ Ստամբուլում գումարված ժողովների հյուրընկալը Թուրքիայի Ժողովրդահանրապետական կուսակցությունն էր (CHP)։ ԸՄ-ի նախագահության և խորհրդի նիստերը նախագահում էր կազմակերպության նախագահ, Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը։
Մարիո Նալբանդյանը մասնակցեց կազմակերպության բարձրագույն ժողովներին՝ Կոնգրեսների միջև ժամանակահատվածում գործող Խորհրդի մայիսի 24-ի նիստի օրակարգի երկրորդ՝ «Բռնության և բախումների հաղթահարումը, քաղաքացիական անձանց պաշտպանությունը» թեմայի քննարկմանը։
«Մեծարգո նախագահություն, սիրելի գործընկերներ այս ժողովի ընթացքում ամենաշատ հնչած բառերը, հավանաբար, եղել են «խաղաղություն», «ժողովրդավարություն», «իրավունք», «մարդու իրավունքներ», որոնք այլ բառերի կողքին ամփոփում են համայն մարդկության ապրումներն այս օրերին։
Ապրումներ ու համատարած վախեր՝ երբ տեսնում ենք, որ աշխարհի հզորները այսօր փորձում են օրենքի փոխարեն հաստատել ուժի գերակայություն։ Այս ժամանակաշրջանը ես կոչում եմ հետ-օրինականության շրջան, երբ երկրի ներսում օրենքները անտեսվում են օրվա իշխանության օգտին, իսկ միջազգային հարաբերություններում ուժը անտեսում է միջազգային օրենքը, միջազգային մարդասիրական իրավունքը, միջազգային կառավարման համակարգի բազմակողմանի կառուցվածքը՝ ձգտելով վերադառնալ կայսրությունների և վասալ պետությունների նոր դարաշրջան։
2023-ի վերջին ամիսներին, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ ցեղասպանության կանխարգելման հատուկ խորհրդական Ալիս Ուայրիմու Նդերիտուն, անդրադառնալով 1948 թ․ ՄԱԿ-ի Ցեղասպանության կանխարգելման և պատժի մասին կոնվենցիային, ահազանգեց, որ կոնվենցիայի ստորագրումից 75 տարի անց՝ այսօր ցեղասպանության սպառնալիքի տակ են Մյանմայի ռոհինգյաները, Եթովպիայի թիգրայացիները, Սուդանի մասալիթները, Իսրայելի կողմից օկուպացված Գազայում պաղեստինցիները, հայերը Արցախում, որոնց նկատմամբ միջազգային հանրությունը պատշաճ արձագանք չի ցուցաբերել։
Արցախի դեպքը շարունակվող հանցագործություն է։ Հայերը դուրս մղվեցին հազարամյա իրենց հողերից Ադրբեջանի կողմից, որը անտեսում է Արդարադատության միջազգային դատարանի որոշումը՝ երաշխավորելու բնիկ ժողովրդի իրավունքները և նրանց արժանապատիվ, անվտանգ և հավաքական վերադարձը։ Ավելին՝ խախտելով միջազգային իրավունքը, Ադրբեջանը շարունակում է գերության մեջ պահել հայ գերիներին և կեղծ մեղադրանքներով դատում է նրանց, այդ թվում՝ Արցախի ղեկավարներին, որոնց շարքում է մեր, ձեր ընկեր Դավիթ Իշխանյանը, որին ծանոթացաք և լսեցիք այս կազմակերպության 2022 թ․ Կոնգրեսի ժամանակ։ Ադրբեջանը հետևողականորեն ոչնչացնում է հայ ժողովրդի կրոնական և մշակութային ժառանգությունը և հուշակոթողները։
Այս ժողովում տարբեր ելույթների ժամանակ հնչեցին Նաթանյահուի, Լուկաշենկոյի և Ալիևի անունները։ Եվ դա պատահական չէ, որովհետև նրանք ամբողջացնում են միմյանց՝ իրենց կործանարար գործողություններով ներկայացնելով մեր ժամանակների մռայլ կողմը։
Խաղաղության մասին խոսքեր և մաղթանքներ հնչեցին այս ժողովում տարբեր ելույթներով։ Նույնիսկ եղավ ակնարկ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների մասին։ Հայաստանը և Ադրբեջանը գտնվում են խաղաղության գործընթացի մեջ՝ մի գործընթաց, որի վերաբերյալ ունենք անհամաձայնություններ և հարցականներ, սակայն խաղաղության գաղափարին լրջորեն հավատում ենք։ Թուրքիան հետևում է այդ գործընթացին և Հայաստանի հետ հարաբերությունները պայմանավորում է այդ պայմանագրի ստորագրումով՝ հավելյալ ճնշում գործադրելով Հայաստանի վրա։ Սակայն տեղին է հիշեցնել, որ Հայաստանը՝ վերանկախացումից ի վեր, 1991 թվականից սկսած, մշտապես ձգտել է առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ, սակայն Թուրքիան մերժել է։ Եթե Թուրքիան իսկապես ցանկանում է նպաստել տարածաշրջանում արդար, տևական և կայուն խաղաղության հաստատմանը, ապա պետք է վերանայի իր պատմությունը և ընդունի իր պատասխանատվությունը 1915-1923 թթ․ Հայոց ցեղասպանության իրագործման մեջ։ Պարտադրված խաղաղությունը ո՛չ արդար է, ո՛չ էլ՝ կայուն և տևական», - հայտարարել է Մ. Նալբանդյանն իր ելույթում։