


Ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության համատեքստում սահմանադրական նոր բարեփոխումները մեկ քայլ առաջ են: Այս մասին հոկտեմբերի 16-ին Երևանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՀ նախագահին կից ազգային փոքրամասնությունների համակարգող խորհրդի անդամ, Հայաստանի եզդիների համայնքի ներկայացուցիչ Բակոյան Սիաբանդը:
Նրա խոսքով, ռեֆորմներն ազգային փոքրամասնությունների համար խորհրդարանում նախատեսում են քվոտաներ, ինչը դրական փոփոխություն է: «Բայց դա չի նշանակում, որ կիսագրագետ և համայնքին անծանոթ անձինք կարող են հավակնել մանդատին: Այդ տեղերը կզբաղեցնենն ամենաարժանավորները»,-նշել է նա, Հայաստանի եզդիներին կոչ անելով քվեարկել ռեֆորմների նախագծի օգտին:
Իր հերթին, Հայաստանի եզդիների համայնքի ղեկավար Ազիզ Թումոյանը նշել է, որ իրենք ամենամեծաթիվ համայնքն են, հետևաբար, ազգային փոքրամասնոթյունների իրավունքները խորհրդարանում պետք է ներկայացնի իրենց ներկայացուցիչը: «Հայաստանում ապրում է 40 հազար եզդի, մենք ամենամեծ համայնքն ենք, հետևաբար, մանդատը պետք է ստանա մեր ներկայացուցիչը»,-եզրափակել է նա:
Հիշեցնենք, որ սահմանադրական հանրաքվեն նշանակված է դեկտեմբերի 6-ին: ԱրմԻնֆո-ի աղբյուրների համաձայն, հանրաքվեի շտաբը կգլխավորի վարչապետ Հովիկ Աբրահամյանը, որն այդ ընթացքում արձակուրդ կվերցնի: «Ոչի» ճակատը, նույն աղբյուրների համաձայն, կգլխավորի ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը: «Նոր Հայաստան» շարժումը հայտարարել է, որ իրենց շտաբը գլխավորելու է «Հիմնադիր խորհրդարանի» համակարգող Ժիրայր Սեֆիլյանը:



