Արմինֆո. Ռուսաստանի Դաշնությունը շահագրգռված է Հայաստանի տարածքում Արցախի Հանրապետության պետական հաստատությունների, մասնավորաապես, Արցախի վտարանդի կառավարության և խորհրդարանի պահպանմամբ: Նման կարծիք է հայտնել "Հրապարակ" թերթի բարձրաստիճան աղբյուրը։
Ավելին, անանուն աղբյուրի պնդմամբ, Հայաստանի իշխանություններն արդեն "դեղին քարտ" են ստացել Ռուսաստանի ղեկավարությունից՝ Արցախի վտարանդի իշխանական կառույցները վերացնելու ուղղությամբ նախաձեռնություն չդրսևորելու նախազգուշացմամբ:
Թերթը նշում է, որ վերջին շրջանում Հայաստանի իշխանություններն արտասովոր լոյալություն են դրսեւորում Արցախի պետական կառույցներին առնչվող հարցերում, մինչդեռ, ամիսներ առաջ ինքը՝ Փաշինյանը, հայտարարում էր, որ չի հանդուրժի "պետություն պետության ներսում", միաժամանակ ահաբեկելով չճանաչված հանրապետության քաղաքական գործիչներին, զգուշացնելով նրանց, չմտածել, անգամ, Արցախի պետական ինստիտուտների պահպանման համար քաղաքական ակտիվությունը շարունակելու մասին:
"Նրանք (իշխանությունները) ձայն չհանեցին, երբ փոխվում էր Արցախի սահմանադրությունը, ինչը թույլ տվեց պահպանել նախագահի և խորհրդարանի ինստիտուտները, և նաև լռեցին, երբ հրապարակվեց Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանի հրամանագիրը, որով նա անվավեր ճանաչեց 2023 թվականի սեպտեմբերի 26-ի Արցախի Հանրապետությունը լուծարելու մասին հրամանագիրը։ Նրանք լռում են նաև հիմա, երբ մինչև հաջորդ շաբաթվա վերջ ԼՂՀ խորհրդարանը պետք է նոր նախագահ ընտրի։ Մեր աղբյուրները հաղորդում են, որ Հայաստանի իշխանություններին հայտարարվել է, որ Արցախի պետական ինստիտուտները պետք է պահպանվեն, թեկուզ՝ ձևականորեն, և Արցախի հարցը չպետք է վերջնականապես փակվի", - գրում է թերթը:
Մինչդեռ, անկախ դիտորդների կարծիքով, Հայաստանի իշխանություններին ուղղված այդ պահանջը, անշուշտ, տեղավորվում է տարածաշրջանում Ռուսաստանի երկարաժամկետ ռազմավարության մեջ: Չէ որ, ինչպես և պետք էր սպասել, Ադրբեջանի ղեկավարության վարքագիծը ՌԴ-ի նկատմամբ՝ Արցախի Հանրապետությունը զավթելուց և այնտեղ "ազգային ինքնավարության փաստացի տարածքում" էթնիկ զտումներ իրականացնելուց հետո, դառնում է ծայրահեղ թշնամական և որոշակի անհանգստություն է առաջացնում Կրեմլում, որը Լեռնային Ղարաբաղը "հանձնելուց" հետո կորցրել է ազդեցության լուրջ լծակները վերջնականապես թուրքական աշխարհաքաղաքական գործոնին միացած Ադրբեջանի նկատմամբ։ Չի բացառվում, որ Ռուսաստանն սկսում է "սխալներն ուղղելու" երկարաժամկետ գործընթաց, որի իրականացմանը հնարավոր կլինի ձեռնամուխ լինել ուկրաինական ճգնաժամը հաղթահարելուց հետո։